Արտադրական պրակտիկան՝ ուսումնառության կարևորագույն բաղադրիչ

ԲՈՒՀ-ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի կրթական ծրագրով առկա ուսուցման ՛՛Շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում՛՛ և ՛՛Օգտակար հանածոների հետախուզում և մշակում՛՛ մասնագիտությունների 3-րդ կուրսերի ակադեմիական խմբերի մի խումբ ուսանողներ իրենց արտադրական պրակտիկան անցկացրին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Գործնական պարապմունքները ղեկավարում էին «Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության» ամբիոնի դոցենտներ Ալբերտ Հարությունյանը և Իննա Ավանեսովան, ովքեր մեզ հետ զրույցում բարձր գնահատեցին պարապմունքների կազմակերպման ու անցկացման ողջ գործընթացը, ընդգծելով, որ միջոցառումը դրական մեծ ազդեցություն ունեցավ ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդման վրա: Դասախոսները նաև մեծ գոհունակությամբ արտահայտվեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության ու կոլեկտիվի հասցեին, ովքեր հյուրընկալել և ամեն ինչ արել էին, որպեսզի ուսանողների համար արտադրական պրակտիկան անցնի արդյունավետ ու հետաքրքիր:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա վերջերին ԶՊՄԿ-ը, ՀԱՊՀ-ը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը եռակողմ հուշագիր էին վավերացրել, որի շրջանակներում էլ այս տարի իրականացվեց ապագա լեռնային ինժեներների արտադրական պրակտիկան:

Հանքմետինֆո

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն պարոն Մհեր Պոլոսկովին

 

Հարգարժան պարոն Պոլոսկով

Ուզում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել այն հոգատարության համար, որ դրսևորեցիք անձամբ Դուք և ԶՊՄԿ վարչական անձնակազմն ու կոլեկտիվը մեր ուսանողների արտադրական պրակտիկան նպատակային և արդյունավետ կազմակերպելու, նրանց արտադրության այբուբենը սովորեցնելու և, որ ավելի կարևոր է, արտադրական կոլեկտիվում աշխատելու ավանդույթներին հաղորդակից դարձնելու համար:

Մեզ համար խիստ կարևոր է, որ բուհն ավարտած ուսանողը արդեն իսկ որոշակի արտադրական փորձառությամբ կյանք մտնի, գործնականում առնչվի ընտրած մասնագիտությանն առանձնահատուկ դժվարություններին, հանքարդյունաբերությանը բնորոշ բարդություններին, դրանով իսկ աշխատանքային կենսագրության առաջին քայլերն անի վստահ ու համարձակ: Դա է այսօր պահանջում մեր երկիրը, նրա տնտեսության մեջ գերակա հռչակված հանքարդյունաբերական ճյուղը և, իհարկե, բուհը, որի առջև արտադրության համար լիարժեք կադրեր պատրաստելու կարևորագույն խնդիրն է դրված:

Եվ, իհարկե, առանձնակի ուզում ենք ընդգծել ու մեր գոհունակությունը հայտնել այն բանի համար, որ ԶՊՄԿ-ի, ՀԱՊՀ-ի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև եռակողմ հուշագիրը, իրոք, արդեն տալիս է իր առաջին պտուղները, և դրանում նախ և առաջ մեծ ու անգնահատելի է քաջարանցիների պատրաստակամությունն ու իրենց խոսքին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը, որը կարող է լավագույն օրինակ դառնալ մյուս ձեռնարկությունների հետ համագործակցելու համար:

Կրկին անգամ հայտնում ենք մեր երախտագիտությունն ու հարգանքը Ձեզ և ԶՊՄԿ ողջ կոլեկտիվին և հույս հայտնում, որ մեր արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի:

Ալբերտ Ֆրանգուլյան
ՀԱՊՀ ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան

Արմեն Հովհաննիսյան
Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64