Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները: Նկատենք, որ այս անգամ փոխվել է ցանկի առաջատարը. այն այժմ գլխավորում է «Գրանդ Հոլդինգը», որը կտրուկ ավելացրել է իր հարկային մուտքերը: Մասնավորապես, եթե 2017 թվականին այն վճարել է շուրջ 34,7 մլրդ, ապա 2018-ին արդեն 42,2 մլրդ դրամ: Ցանկում դիրքը զիջել է երկար տարիներ առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 40 մլրդ դրամի հարկեր վճարելով այն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը (նախորդ տարուց մի փոքր նվազ):
Հարկերի վճարման տարեկան ցուցանիշներով հանքարդյունաբերական ոլորտում առաջատարը, բնականաբար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը 2018-ին վճարել է 41 մլրդ դրամի հարկ և վստահորեն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ուրախալի է նաև նկատել, որ խոշոր հարկատուների ցանկում լավագույն հնգյակը եզրափակում է ոլորտի մեկ այլ խոշոր հարկատու՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որի տարեկան վճարումները հասել են 16,8 մլրդ դրամի. 2017-ի համեմատ հարկերն ավելացել են 3,4 մլրդ դրամով:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից 2018 թվականին վճարվել է 227,6 մլրդ դրամ, ինչը 2017-ի ցուցանիշը (198.8 մլրդ) գերազանցել է 14,5 տոկոսով:
Ինչ վերաբերում է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալին, ապա 2018-ին այն կ՝ազմել է 926,7 մլրդ դրամ։ Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 807.4 մլրդ: Այսինքն հարկային պարտավորություններն ավելացել են 119,3 մլրդ դրամով կամ 14,8 տոկոսով:
Նկատենք, որ մեր մոտավոր հաշվարկներով հանքարդյունաբերական և մետալուրգիական ոլորտի և այն սպասարկող մի քանի ձեռնարկությունների 2018թ. Պետական գանձարան կատարած վճարումները հատել են 100 մլրդ դրամի սահմանագիծը: Եվ սա այն դեպքում, երբ գրեթե տարեսկզբից դադարեց գործել «Թեղուտը», սառեցվեց «Լիդիան Արմենիան» ընկերության շինարարությունը, ապա նաև կաթվածահար եղավ Ալավերու պղնձաձուլական կոմբինատի («Էյ Սի Փի») գործունեությունը:
Հուսանք, որ ընթացիկ տարին բարենպաստ կլինի և ոլորտն ավելի էական դերակատարություն կունենա երկրի տնտեսության հզորացման գործում: