Խորհրդակցություն՝ նվիրված հանքագործության մեջ կիրառվող հրահանգների, չափորոշիչների արդիականացումանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանի նախաձեռնությամբ լեռնամետալուրգիայի և հանքագործության ոլորտի գիտական, կրթական և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվեցին դաշտի նորմատիվային կարգավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ Լիլիա Շուշանյանն ընդգծել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել և հայտնաբերել են ոլորտի մի շարք բացեր, որոնք խիստ մասնագիտական են և այդ իսկ պատճառով լայն շրջանակների ուշադրությանը չեն արժանացել, սակայն որոնք հիմնարար կարևորություն ունեն ընդերքօգտագործման ողջ շղթան ճիշտ կանոնակարգմամբ կազմակերպելու համար: Այդ հարցերից են նաև հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգները:

«Ազգային այս հրահանգների մշակումը, տեղայնացումը, ինչպես նաև միջազգային տարբեր համակարգերի հետ համադրումների և մոտարկումների իրականացումը պետք է լինի ոլորտի առաջնահերթ նպատակներից մեկը: Գիտակցում ենք խնդրադրման հավակնոտությունը, անհրաժեշտ հսկայական աշխատանքը և բարդությունը, սակայն համոզված ենք, որ օր առաջ պետք է սկսել նոր նորմատիվ դաշտի մշակումը»,-նշեց փոխնախարարը: Խորհրդակցության ընթացքում նշվեց, որ նախարարությունն այս նպատակի իրականացումը հնարավոր է կազմակերպել միայն ոլորտի փորձառու մասնագետների հետ համատեղ աշխատանքի և սերտ համագործակցության շնորհիվ: Միաժամանակ՝ փոխնախարարի կողմից կարևորվեց ուսանողական ներուժի ներգրավումը՝ դա համարելով ոլորտի հետ ապագա մասնագետներին կամրջելու քայլերից մեկը:

Ներկաները ևս ընդգծեցին բարձրացված հարցի արդիականությունը և անհրաժեշտ քայլերի վերաբերյալ արտահայտեցին իրենց կարծիքները:

Ողջունելով նախարարության հետ համատեղ աշխատելու գաղափարը՝ նրանք պատրաստակամություն հայտնեցին կանխորոշվող աշխատանքների համար ներկայացնել իրենց այն մասնագետներին, ովքեր ունեն անհրաժեշտ փորձ և գիտելիքներ զբաղվեու հրահանգների թարգմանությամբ, լրամշակումներով և դրանց ազգային համակարգի ստեղծման բարեփոխմամբ:

Ավելացնենք, որ փոխնախարարի հետ հանդիպմանը մասնակցում էին ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ինչպես նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչները:

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64