ՕՐԵՆԴԻՐՆԵՐԸ ՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Ազնիվ, գունավոր մետաղների հանքավայրի օգտագործման թույլտվության տրամադրման համար տուրքը մոտ 10 անգամ կավելանա

Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Արտակ Մանուկյանը նախագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում։

Նախատեսվում է ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար 10 միլիոն դրամի փոխարեն սահմանել 120 միլիոն դրամ, վանակատի (օբսիդիանի) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար 10 միլիոնի փոխարեն սահմանել 120 միլիոն դրամ։

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար 50 հազար դրամի փոխարեն սահմանել 200 հազար դրամ, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար՝ 100 հազար դրամի փոխարեն 400 հազար դրամ։

Հեղինակները նշել են, որ մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանի Հանրապետությունն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։

«Մասնավորապես՝ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներն ունեն խոշոր գործնական նշանակություն ամբողջ աշխարհում։ Հայաստանի Հանրապետությունում առկա են տարբեր մետաղների ավելի քան 900 հանքավայրեր, մետաղների բոլոր հիմնական խմբերը` գունավոր, սև, ազնիվ մետաղները և հազվագյուտ ու ազնիվ տարրերն ունեն տարբեր տնտեսական արժեք։ Լոնդոնի մետաղների բորսայի 2020 թվականի հունվարի 30-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (արժույթի և ապրանքների գնում կամ վաճառք՝ 3 ամսվա համար) համար սահմանվել են հետևյալ գները (գների չափման միավորը տոննան է)՝ ալյումինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 1748 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 5723 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 1881 դոլար, նիկելի գինը չի փոխվել և կրկին կազմել է 12.720 դոլար, անագի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16.300 դոլար, ցինկի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2243 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 22.928 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33.000 դոլար:

Ուստի պետք է վերանայել ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների, մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  տուրքի առկա սահմանաչափերը, քանզի սույն նախագծի ընդունմամբ պայմանավորված պետական բյուջեի համար կապահովենք լրացուցիչ մուտքեր»,-նշված է հիմնավորման մեջ:

Նյութի աղբյուրը՝ Iravaban.net

 

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64