Երևանում նախապատրաստվում է միջազգային ցուցահանդես՝ «Մարդը և քարը» խորագրով: Այն նվիրված է Հայաստանի և Անդրկովկասի երկրաբանական ծառայության, լեռնային գործի և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի և թանգարանի հիմնադիր, առաջին տնօրեն, պրոֆեսոր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի ծննդյան 145-ամյակին։
Միջոցառմանը մասնակցելու հայտեր են ներկայացրել 15 երկրների 117 ներկայացու ցիչներ՝ երկրաբանական ծառայություններ, թանգարաններ, արվեստի կենտրոններ, քանդակագործներ, նկարիչներ, արվեստաբաններ:
Անվանի գիտնականի հիշատակի այս յուրահատուկ արարողության կազմակերպիչներն են go.Earth.art շարժման հիմնադիրներ Պաուլո Դուարտե Ֆիլիպեն (նկարիչ, ռեժիսոր), Լյուսինե Բրայտշայդելը (նկարիչ, արվեստի գործերի հավաքորդ) ևՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը:
Ուրախալի է նշել, որ այս նախաձեռնությանը արձագանքեցին և իրենց համագործակցությունն առաջարկեցին Պորտուգալիայում «Խաղաղություն և արվեստ» ընկերությունը (նախագահ՝ Ջուլիո Անթաո) և «Իրանի առաջատար արվեստ» ընկերությունը (նախագահ՝ Աբդոլրեզա Ռաբեթի):
Ցուցահանդեսի թեմատիկան հուշում է հենց խորագիրը՝ «Մարդը և քարը»:
Քար հասկացությունը շատ լայն է: Դա կարող է լինել լեռ կամ մանկության հիշողությունների հետ կապված քար, կերակրի մեջ օգտագործվող քար՝ աղը, թանկարժեք քար, հուշանվեր, զարդաքարեր, քարեր, որոնցից ստանում են ներկ, երկրաբանական եզակի հուշարձան, նախամարդու կացարան, քարե գործիք և այլն։ Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ մարդու և քարի փոխկապվածությունը՝ Քարի դարից մինչ այսօր:
Ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանը (1875-1943) Հայաստանի երկրաբանական ծառայության սկզբնավորման շրջանի նշանավոր դեմքերից է: Նա մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև Անդրկովկասի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների հետազոտման և լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում:
1906թ. նա մեկնում է Շվեյցարիա, ընդունվում Լոզանի ինժեներական դպրոց, որտեղ առանձնակի մեծ ուշադրություն է դարձնում հատկապես մաթեմատիկական գիտելիքների հարստացմանը, միաժամանակ, որպես ազատ ունկընդիր, հաճախում է համալսարանի երկրաբանության դասախոսություններին:
Այնուհետև հայ երկրաբանը տեղափոխվում է Բրյուսելի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային բաժին, ուր գործնական որոշակի գիտելիքներ ձեռք բերելուց հետո, ընդունվում է Բելգիայի արդյունաբերական խոշոր կենտրոն Մոնս քաղաքի հանքաբանական բարձրագույն դպրոց:
Հովհաննես Կարապետյանը 1912թ. գերազանցության դիպլոմով ավարտում է Մոնսի դպրոցը և ստանում ինժեներ-երկրաբանի կոչում:
Դեռևս ուսման տարիներին նա հնարավորությունը բաց չի թողնում և այցելում է Եվրոպայի բազմաթիվ հանքավայրեր ու լեռնահանքային ձեռնարկություններ, և ինչպես իր պրոֆեսորների այնպես էլ առանձին արդյունաբերողների հանձնարարությամբ, զբաղվում է գիտահետազոտական ուսումնասիրություններով:
1917թ. մարտին նա վճռական ձայնի իրավունքով ընտրվում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի բանվորների պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի անդամ, գործուն մասնակցություն բերում «Կովկասյան աշխարհագրական ընկերության», «Հայկական ազգագրական ընկերության» և «Հայաստանի տեխնիկական ընկերության» ստեղծմանը:
Հայաստանի կառավարության հրավերով 1934թ. հոկտեմբերին Հովհաննես Կարապետյանը Թիֆլիսից փոխադրվում է Երևան կիրառական երկրաբանության և հանքաբանության գիտահետազոտական ինստիտուտ կազմակերպելու նպատակով:
Մոտ երեք տասնամյակի ընթացքում Կարապետյանի հավաքած շատ արժեքավոր ու խիստ բազմազան երկրաբանական հարուստ հավաքածուների բազայի վրա, նրա անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ 1937թ. Երևանում հիմնադրվում է գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի երկրաբանական ինստիտուտի թանգարանը:
1943թ. նոյեմբերին ստեղծվում է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան, որի կազմի մեջ մտնող մի քանի ինստիտուտների շարքում իր պատվավոր տեղն է գրավում նաև Հովհաննես Կարապետյանի հիմնադրած երկրաբանական ինստիտուտը: Դրանով սկսվում է Հայաստանի երկրաբանության գիտական ուսումնասիրության մի նոր, ավելի արգասավոր շրջանը:
Հայաստանի Ժողկոմխորհը բավարարեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության դիմումը և Հ. Կարապետյանի մահից հետո, նրա հիշատակը հավերժացնելու համար, 1944թ. օգոստոսի 26-ի որոշմամբ երկրաբանական թանգարանը կոչվեց նրա անունով:
Նկարում.
-Մոնսի հանքաբանական դպրոցի 1912թ․ շրջանավարտները, կենտրոնում նստած է Հովհաննես Կարապետյանը։
-Հովհաննես կարապետյանը (աջից) Մոսկվա-Վոլգա ջրանցքի նախագծի մի խումբ աշխատողների հետ. Մոսկվա, 1932թՀովհաննես կարապետյանը (աջից) Մոսկվա-Վոլգա ջրանցքի նախագծի մի խումբ աշխատողների հետ. Մոսկվա, 1932թ.:
-Հովհաննես Կարապետյանը (ձախից նստսծ) երկրաբանական ծառայության աշխատողների հետ. Ալավերդի, 1927թ.: