2019 թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի ամբողջ արդյունաբերական արտադրանքը կազմել է 1 տրլն 856 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանը գերազանցում է 9.3 %-ով։ Ընդ որում, նույն ժամանակաընթացքում հանքարդյունաբերության աճը կազմել է 23.9 %: Օրերս վիճպետկոմիտեն հրապարակեց նաև 2020 թ. առաջին 5 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները, ըստ որոնց՝ հանքարդյունաբերությունն աճել է 25 տոկոսով, և աճը հիմնականում ապահովվել է մետաղական հանքաքարի արդյունահանման հաշվին, ինչը հնարավոր եղավ, երբ մեկուկես տարվա դադարից հետո՝ 2019թ. հուլիսի 1-ից, վերագործարկվեց Թեղուտի հանքավայրը։ 2019-ի ցուցանիշներով՝ աճել են նաև պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ծավալները: Ի տարբերություն հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերությունը համեմատաբար ավելի դանդաղ է աճում։ Ըստ վիճպետկոմի՝ 2019-ի հունվար-նոյեմբերին մշակող արդյունաբերության ծավալները կազմել են 1 տրլն 281 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է ընդամենը 8.2 %։
Այս խնդիրների շուրջ զրուցեցինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանի հետ:
- 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ հանքարդյունաբերության ծավալներն էական աճ են գրանցել: Այս իրողությունը քննադատողները հիշեցնում են, որ գործող իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ժամանակին, հանքարդյունաբերության առավել ցածր ծավալների համար, անողոք քննադատում էր նախկին իշխանություններին: Հանքարդյունաբերության աճի տեմպերը Ձեզ համար մտահոգի՞չ են:
- Գաղտնիք չէ, որ մեր փոքրիկ հանրապետության ընդերքը բավականին հարուստ է տարբեր օգտակար հանածոների պաշարներով, որը, սակայն, այդպես էլ չենք կարողանում մեր երկրի տնտեսական զարգացման հենքը դարձնել:
Ինքներդ դատեք․ պետական հաշվեկշռում հաշվառված է պղնձի, ոսկու, կապարի, մոլիբդենի, ոսկու, արծաթի, ցինկի, երկաթի 42 հանքավայր, որոնցից թեև արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք է տրամադրված 29-ին, սակայն այսօր ընդամենը 7-8 մետաղական հանքավայր է շահագործվում: Այսինքն՝ ողջ ծանրաբեռնվածությունն այդ 7-8 հանքավայրի վրա է ընկած: Թե ինչպես ենք շահագործում՝ այլ հարց է, բայց արագ և շատ տնտեսական շահ ստանալու համար մեծացնում ենք արդյունահանման ծավալները կոնկրետ այդ սահմանափակ թվով հանքավայրերում: Մինչդեռ, եթե ճիշտ և հավասարաչափ բաշխում կատարվեր, ապա պատկերը միանգամայն այլ կլիներ: Մենք ունենք ընդերքի հարուստ ռեսուրսներ, եւ դրանք համաչափ պետք է արդյունահանվեն:
- Այսինքն, Դուք խնդիր չե՞ք տեսնում հանքարդյունաբերության ծավալների աճի պարագայում:
- Ելնելով երկրի տնտեսական ներկայիս վիճակից՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է զարգանա: Մեր պետական բյուջեն այս ոլորտին փոխարինող այլ աղբյուր առայժմ չունի, և, ինչպես ասում են, մենք դատապարտված ենք այն զարգացնել: Այլ հարց է, թե ինչպես և ինչ ուղղություններով: Բայց եկեք հեծանիվ չհայտնագործենք և հետևենք առաջադեմ, զարգացած երկրների օրինակին, որը տանում է դեպի ժամանակակից տեխնոլոգիաներով, բնապահպանական համեմատաբար անվնաս, կառավարելի և պատասխանատու հանքարդյունաբերության:
- Ամուլսարի հանքի շահագործման շուրջ արդեն 2 տարի վեճ է ընթանում, թեև լրացուցիչ փորձաքննության արդյունքում վարչապետն էլ հայտարարեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը լիցենզիայից զրկելու որևէ հիմք չկա, բայց դեպի հանք տանող ճանապարհը դեռ փակ է, ընկերության աշխատանքները՝ պարալիզված: Հանգուցալուծում տեսնո՞ւմ եք:
- Ամուլսարի հանքը պետք է շահագործվի: Ես սա ասում եմ որպես մասնագետ՝ երկարամյա գործնական ու տեսական փորձով: Այն բոլոր փաստարկները, որ բերվում են հակառակն ապացուցելու, որևէ քննության չեն դիմանա և ընդհանրապես չեն լինի, եթե նման կարծիք ունեցողները գոնե մի փոքր ծանոթ լինեն արդյունահանման նորագույն եղանակներին ու կիրառվող տեխնոլոգիաներին:
Սկսենք ցիանիդից։ Միանգամից ասեմ, որ այսօր ստեղծված նորագույն մեթոդների և տեխնոլոգիայի շնորհիվ պոչամբար կոչված արտադրական միավորը դարձել է անվտանգ, քանի որ նորագույն պաշտպանիչ շերտերը բացառում են այդ նյութի արտահոսքի բոլոր հնարավոր և անհնար սողանցքները: Կարող եմ ավելի պարզ ասել. իրականում այս եղանակով, այսպես ասած, դասական իմաստով պոչամբար գոյություն չունի։
Ցիանիդից ու թիթեռից հետո «պարզվեց», որ այնտեղ ուրան կա և գիտե՞ք ինչ մակարդակի: Եվ առաջ քաշվեց «բնական ֆոն» տերմինը, որը շարքային քաղաքացուն կարող է սարսափելի թվալ, քանի որ չկար մեկը, որ բացատրեր, որ այդ «բնական ֆոն» կոչվածը Երևանում մի քանի անգամ կարող է ավելի բարձր լինել, կամ չկա այնպիսի մի վայր, որտեղ չլինի բնական ֆոն: Եվ այն էլ՝ մեր հանրապետությունում, որտեղ, ինչպես վերևում ասվեց, ամենուր մետաղական երեւակումներ կարող են լինել: Հավատացնում եմ՝ եթե ստուգենք, կպարզվի, որ Ամուլսարում այդ ֆոնը, հավանաբար, ավելի ցածր է, քան, օրինակ, հենց կողքի բնակավայրում՝ Ջերմուկում:
350-400 միլիոն դոլարի ներդրում է կատարվել, և ոչ ոք այդ ընկերությանը չի կարող ասել, որ դա արվել է օրենքի խախտումով: Ուրեմն, ո՞րն է այս աղմուկի հիմնավորումը: Մենք քաղաքակիրթ երկրում ենք ապրում, ունենք ոլորտի բազմաթիվ մասնագետներ՝ գիտնականներ, փորձառու ինժեներներ, տեխնոլոգներ, բարի գտնվենք՝ նրանց կարծիքը լսենք: Սա այն խնդիրը չէ, որ պետք է լուծել փողոցում, սա գիտելիքահեն արտադրություն է, խնդրում ենք՝ մի վիրավորեք մեզ, մի անտեսեք մեր կարծիքը: Դա ապագա չէ մեզ համար:
Այլ հարց է, որ մեր ունեցածը մենք չենք կարողանում խելամիտ օգտագործել: Սակայն սա այլ խոսակցության թեմա է:
- Ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում լեռնամետալուրգիական արդյունաբերությունը:
- Դրա համար պետական մոտեցում է պետք՝ ցանկություն և ծրագիր: ԽՍՀՄ տարիներին Հայաստանն ապահովել է մոլիբդենի 20 տոկոսը, գունավոր մետալուրգիայի ասպարեզում ՌԴ-ից և Ղազախստանից հետո երրորդն է եղել, քիմիական արդյունաբերությունն էր շատ զարգացած, բայց 1990-ականներին «Նաիրիտի», «Քիմպրոմի» և այլ գործարանների, նաև ԱԷԿ-ի ժամանակավոր փակման ֆոնին կտրուկ անկում արձանագրվեց: Բնական ռեսուրսն ունենք, մտավորը՝ նույնպես, մնում է կառավարությունը պետական ծրագիր ունենա և կարողանա բնական պաշարները ծառայեցնել երկրի զարգացմանը: Օրինակ, Հայաստանը հիմա վաճառում է 24 տոկոսանոց պղնձի խտանյութ, որն արտահանում են մասնավոր ընկերությունները, և միջազգային շուկայում բավական ցածր արժեք ունի։ Եթե դա վերածենք մաքուր պղնձի, միջազգային շուկայում այլ գնով կարող ենք վաճառել կամ/և պղնձի արտադրանքներ ստանալ ու մեծ շահույթ ապահովել: Նաև՝ տեղում հավելյալ աշխատատեղերի հարց կլուծվի: Չեմ ասում, որ դա դյուրին գործ է, իհարկե, բավական բարդ է, մեծ թիմային աշխատանք է պահանջում, բայց եթե զարգացում ենք ուզում, ապա պետք է մեր առջև հստակ նպատակ դնենք, նշածս ներուժն արդյունավետ օգտագործենք՝ այն իրականացնելու համար:
Բազմաթիվ խնդիրներ կան, բայց քննարկում չկա: Հանքարդյունաբերությունը դարձել է այս երկրի բեռը, այնքան բացասական բաներ են ասել, որ մարդիկ խճճվել են: Ասում են՝ Սյունիքում կամ Լոռիում երկգլխանի երեխաներ են ծնվում։ Գիտեք, մարդիկ կան, որ նման բաների հավատում են:
Մի առիթով Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը պաշտոնապես դիմեց առողջապահության նախարարին, և պարզվեց, որ չարորակ նորագոյացությունների հիվանդացության առումով 2016 և 2017թթ․ առաջին երեք տեղերը զբաղեցնում էին Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերը: Եթե այս փաստը Լոռիում պատճառաբանենք այնտեղ գործող հանքարդյունահանող ձեռնարկությունների գոյությամբ, ապա ինչպե՞ս բացատրել Շիրակի և Կոտայքի մարզերում այդ հիվանդության նման դրսևորումը:
Ուզում եմ ասել, որ բնապահպանական խնդիրներ կան ամենուր: Ընդ որում, Երևանը, ցավոք, ոչնչով չի զիջում առաջատարներին, այն դեպքում, երբ այստեղ ընդհանրապես հանքարդյունաբերություն չկա:
Նյութը վերցված է «Հրապարակ» էլեկտրոնային օրաթերթի 2020թ. սեպտեմբերի 15-ի թողարկումից