ՍԹԱՓՎԵՆՔ. ՃԻՇՏ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

   Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ի հեճուկս շրջանառվող տարբեր կարծիքների, հանքարդյունաբերությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենակայուն հենասյունը` ապահովելով պետական բյուջե վճարվող հարկերի զգալի մասը: Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում իրար հաջորդող ցավալի իրադարձությունները (COVID-19, պատերազմ) իրենց ահռելի բացասական ազդեցությունն ունեցան տնտեսության վրա և միայն հանքարդյունաբերության շնորհիվ է, որ մինչ օրս հաջողվել է խուսափել տնտեսական լուրջ ցնցումներից:

   Բայց, որքան էլ տարօրինակ է, այսօր ականատես ենք լինում, թե ինչպես պատկան մարմինների լուռ անտարբերության և անգործության պայմաններում որոշ շրջանակներ շարունակում են արժեզրկել հանքարդյունաբերության ոլորտի դերը, թիրախավորել հանքարդյունաբերական ընկերություններին, ինչպես դա անպատիժ արել են վերջին մի քանի տարիների ընթացքում: Նույնիսկ Սոտքի հանքավայրի շուրջ ստեղծված մտահոգիչ իրադարձությունները շահարկելով փորձ է արվում նսեմացնել  հանքի նշանակությունն այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի մասին է: Ավելին, հնչում են կոչեր ընդհանրապես հրաժարվելու հանքարդյունաբերությունից, ինչը միանշանակ ուղղված է մեր պետականության դեմ և նպատակ ունի ձախողելու Հայաստանում տնտեսական որևէ առաջընթաց:

   Մենք սխալվելու հնարավորություն և ոչ էլ իրավունք այլևս չունենք: Հզոր հայրենիք կառուցելու համար անհրաժեշտ է ամուր տնտեսություն: Վերջին շրջանի ցավալի իրադարձություններից հետո թե' պետական, թե' քաղաքական, թե' հասարակական մակարդակներում պետք է արվեն ճիշտ հետևություններ և համապատասխան քայլեր: Հանքարդյունաբերության ոլորտին պետք է տրվի ռազմավարական նշանակություն, պետք է զարկ տրվի նոր հանքային ծրագրերի, ներգրավվեն նոր ներդրումներ, պետք է զարգացնել գործող հանքերը, կանխել ցանկացած ոտնձգություն հանքարդյունաբերական որևէ ընկերության բնականոն աշխատանքի դեմ: Բնապահպանական միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն այսօր երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, զարգացման ռելսերին դնելու միակ վստահելի երաշխիքն է:

   Պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ Հայաստանին պատուհասած համանման և ավելի վատթար իրավիճակներում հայտնվելուց հետո, պետություններին, որոնք ընտրել են բնական  ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհը, հաջողվել է ոչ միայն հաղթահարել ճգնաժամերը, այլև ստեղծել մրցունակ տնտեսություն և ժամանակակից սպառազինությամբ մարտունակ բանակ:

   Այս առումով ավելի քան ուսանելի է Գերմանիայի և Ճապոնիայի օրինակը:

 

 

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10