Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 54 տարեկան հասակում դաժան համավարակի զոհ դարձավ «Սագամար» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՍԱՄՎԵԼ ՉՈԲԱՆՅԱՆԸ:
Ցավոք, Ղարաբաղյան պատերազմի դաժան հետևանքները և համավարակի ահագնացող տարածումը անհնար էին դարձրել շփումներն ու մասնակցությունները հրաժեշտի արարողություններին, ուստի, թեև ուշացումով, խորապես ցավակցում ենք շատերիս համար մտերիմ դարձած Սամվելի հարազատներին ու մտերիմներին, գործընկերներին և աշխատանքային կոլեկտիվին:
Սամվել Չոբանյանը հանքարդյունաբերություն եկավ կոլեկտիվ ղեկավարելու աշխատանքային լուրջ փորձով և պատահական չէ, որ միանգամից ստանձնեց «Սագամար» ՓԲԸ կարևոր օղակներից մեկի՝ հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավարումը:
Նա 1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել պետական և մասնավոր տարբեր ընկերություններում՝ ղեկավարել կոլեկտիվներ՝ «Հայարդշինանյութ»-ում եղել գլխավոր մեխանիկ, 1997-2005թթ. «Վանշին» ընկերությունում՝ գլխավոր տնօրենի տեղակալ:
2012-2019թթ. «Սագամար» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավար: 2018-2019թթ. «Սագամար» ՓԲԸ «Պոչանքների ջրազրկում» նախագծի տեխնիկական ղեկավարն էր:
2019-ին նրան վստահվեց նույն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Ավելացնենք, որ այդ նույն թվականից նա ղեկավարում էր նաև «Մոլիբդենի աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ