Լեռնամետալուրգիական ֆակուլտետ

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Կյանքը նորից առաջադրեց իր պահանջները. տարիների հետ Հայաստանում լեռնային և մետալուրգիական արդյունաբերությունը գարգացավ այնպիսի արագ տեմպերով, որ այլևս անկարելի էր հանդուրժել  այդ բնագավառի համար բարձրորակ ինժեներական կադրերի պատրաստման ձգձգումը։

Հայտնի է` Հայաստանը հարուստ է պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոչ հանքային օգտակար հանածոների, բազմատեսակ շինարարական նյութերի (տուֆ, բազալտ, գրանիտ, մարմար, պերլիտ և այլն) հանքապաշարներով, և նախատեսվում էր առաջիկայում դրանք շահագործել ավելի լայն չափերով։ Հատկապես մեծ զարգացում էր ստանալու սև մետալուրգիան։ Եթե առաջներում խոսքը վերաբերում էր միայն լեռնային արդյունաբերության կադրերին, ապա այժմ հրամայական դարձավ նաև մետալուրգիական արդյունաբերության համար բարձրորակ ինժեներական կադրերի պատրաստումը: Ելնելով դրանից` Հայաստանի կոմկու­սի կենտկոմը և ՀԽՍՀ նախարարների խորհուրդը 1965 թ. դեկտեմբերի 16-ին և ՀԿԿ կենտկոմը 1965 թ. դեկտեմբերի 28-ին որոշումներ ընդունեցին 1966 թվականի սեպտեմբերին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում լեռնամետալուրգիական ֆակուլտետ կազմակերպելու մասին:

Ի կատարումն այդ որոշումների` հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության կողմից  1965թ. հունիսի 8-ին տրվեց համապատասխան հրաման:

Համալսարանում կատարվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 1994 թվականին լեռնամետալուրգիական ֆակուլտետը բաժանվեց երկու դեպարտամենտների.

  1. «Լեռնային գործ»
  2. «Մետալուրգիա և նյութագիտություն»:

1995-ին նշված դեպարտամենտները կրկին վերամիավորվեցին` ստանալով մեկ ընդհանուր անվանում`«Ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտ»:

Խոսելով լեռնամետալուրգիական ֆակուլտետի երկու բաղադրիչ մասերի («լեռնային գործ» և «մետալուրգիա») գծով կադրերի պատրաստման մասին՝ նկատենք, որ ինստիտուտում օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն ու հետախուզություն  մասնագիտությունները գոյություն ունեին տակավին 1949 թվականից, իսկ մետալուրգիական որոշ մասնագիտություններ`1960 թվականից, որոնք, բնականաբար, կենտրոնացվեցին նորաստեղծ ֆակուլտետում։ Այն համալրվեց հե­տևյալ նոր մասնագիտություններով՝

օգտակար հանածոների հանքավայրե­րի ստորերկրյա մշակման տեխնոլոգիա ու կոմպլեքսային մեքենայացում,

օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա ու տեխնիկա,

օգտակար հանածոների հարստացում,

օգտակար հանածոների հանքավայրերի բաց մշակման տեխնոլոգիա ու կոմպլեքսային մեքենայա­ցում,

գունավոր մետաղների մետաղագիտություն, սև ու գունավոր մետաղների ձուլման արտադրություն և մետաղագիտություն, մետաղների ջերմային մշակման սարքավորում ու տեխնոլոգիա։ 

Քիմիատեխնոլոգիական և մեխանիկամեքենաշինական ֆակուլտետներից նրան հանձնվեցին «Լեռնային գործ» և «Մետաղագիտություն» ամբիոնները, ինչպես նաև երկրաբանության կաբինետը:

Լեռնամետալուրգիական ֆակուլտետի անդրանիկ դեկան նշանակվեց երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ազատ Վեհունին:

Տարիների ընթացքում լեռնամետալուրգիական ֆակուլտետի մասնագիտությունների կազմում որևէ փոփոխություն տեղի չունեցավ: Դրանց թիվը 7-ն էր, իսկ ուսանողների քանակը անցավ 8ՕՕ-ից: Ֆակուլտետի աշխատանքներն իրագործվեցին երեք մասնագիտական ամբիոնների միջոցով, որոնք գլխավորեցին պրոֆեսորներ: Ամբիոններին կից ստեղծվեց օրինակելի ուսումնաարտադրական բազա` կահավորված ժամանակակից տեխնիկայով: Ֆակուլտետի լաբորատորիաներում, ար­հեստանոցներում և կաբինետներում կատարվում էին ինչպես ուսումնական աշխատանքներ, այնպես էլ գիտահետազոտական ուսումնասիրություններ:

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64