ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ

   Ներկայում ՀՀ-ում շատ է խոսվում բլոկային մոդելավորման մեթոդով հաշվարկված պինդ օգտակար հանածոների պաշարները պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Չափազանց կարևորելով բլոկային մոդելավորման մեթոդի կիրառման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ չպետք է այն կուրորեն ընդունել։

   Ուստի, կներկայացնեմ պինդ օգտակար հանածոների պաշարների հաշվարկման ավանդական և բլոկային մոդելավորման մեթոդների համեմատական բնութագիրը, որի համար հիմք է հանդիսացել ՌԴ-ում հրապարակված մասնագիտական նյութերի վերլուծության արդյունքները։

   1. Հաշվարկման ավանդական մեթոդները։

   Պաշարների հաշվարկման ավանդական մեթոդները ներառում են երկրաբանական և շահագործական բլոկների, կտրվածքների և վիճակագրական վերլուծության եղանակները։ Այդ մեթոդները ընդունված է անվանել բազմանկյունային։

   Նշված մեթոդների արժանիքներն կայանում են հետևյալում․

- տարբեր երկրաբանական իրավիճակներում հանքավայրերի բոլոր տեսակների պաշարների գնահատման ապահովում, հանքավայրերի կառուցվածքի երկրաբանական առանձնահատկությունների առավել ամբողջական հաշվառում,

- տարբեր երկրներում երկար տարիների պրակտիկայով ապացուցված է պաշարների հաշվարկման վերոհիշյալ մեթոդների կիրառման ճշտությունն ու հուսալիությունը (մինչև համակարգչայնացման դարաշրջանը),

- հանքավայրի ուսումնասիրման բոլոր փուլերում ընդերքում պաշարների օբյեկտիվ գնահատման ստացման հնարավորությունը,

- ըստ հետախուզվածության կարգերի ու հաշվեկշռայինի վերագրման պաշարների բաժանման հնարավորությունը,

- հաշվարկման մեթոդների կիրառման հարցերը մանրամասն կանոնակարգված են հրահանգներում և մեթոդական ցուցումներում,

Պաշարների հաշվարկման ավանդական եղանակների թերություններն են․

- բաց և ստորգետնյա լեռնային աշխատանքների նախագծման դեպքում տեղեկատվական տեխնոլոգիաների սահմանափակ կիրառումը,

- փոփոխվող պայմանների (տնտեսական իրավիճակ, տեխնոլոգիա) համապատասխան պաշարների օպերատիվ վերահաշվարկման հնարավորության բացակայությունը,

- լեռնային աշխատանքների պլանավորման ընթացիկ օրացուցային գրաֆիկայի կազմման համար պաշարների արագ վերահաշվարկման հնարավորության բացակայությունը,

- շահագործման գործընթացում հանքավայրի մշակման հսկողության ժամանակակից տեխնոլոգիաների և հանքաքարի որակի կառավարման հետ անհամաձայնեցվածությունը,

- արտասահմանյան ներդրողների պահանջների և ռեսուրսների/պաշարների վերաբերյալ հաշվետվության ձևի նկատմամբ միջազգային աուդիտի հետ անհամապատասխանությունը։

   2․ Բլոկային մոդելավորում։

   Բլոկային մոդելավորումը հիմնված է հանքավայրի տարածությունը տարրական բլոկների (բջջիջների) բաժանման վրա, որոնք օբյեկտի հատկությունների արժեքները, մասնավորապես օգտակար բաղադրիչի պարունակությունը, միջարկվում է նմուշարկման ելակետային տվյալներով: Դրա տարատեսակներից մեկը երկրավիճակագրական մոդելավորումն է, որը հիմնված է պատահական ֆունկցիաների տեսության մաթեմատիկական ապարատի վրա։ Մոդելավորման այդ տեսակը և պաշարների հաշվարկը ստացել է լայն տարածում արտասահմանում և, որոշակի չափով, նաև ՌԴ-ում։

Հանքարդյունաբերության պրակտիկայում բլոկային մոդելավորման ներդրումը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, այդ թվում հաշվողական տեխնիկայի զարգացմամբ։ Գոյություն ունեցող ծրագրային համալիրները կողմանորոշված են հանքավայրի յուրացման ոլորտում խնդիրների լայն շրջանի լուծմանը։ Զգալի չափով դրանք ուղղված են լեռնային աշխատանքների ավտոմատացված նախագծմանը, հանքավայրի մշակման օրացուցային գրաֆիկների կազմանը, հանքաքարի արդյունահանման որակի կառավարմանը, հանքավերահսկման գործընթացի իրականացմանը և այլն։

Բլոկային մոդելավորման արժանիքներն կայանում են հետևյալում․

- պաշարների գնահատման ավտոմատացված գործողությունը և հաշվետվողական աղյուսակների և գրաֆիկական նյութերի ստեղծումը,

- հանքավայրի յուրացման պայմանների փոփոխության համապատասխան պաշարների օպերատիվ վերագնահատման պարզեցումը,

- պլանավորման գործընթացի և օգտակար հանածոյի արդյունահանման կառավարման ավտոմատացման ապահովումը։

Բլոկային մոդելավորման թերությունները կայանում են հետևյալում․

- մոդելավորման որոկի գնահատման հստակ չափանիշների, ընդերքում պաշարների գնահատման դեպքում սիստեմատիկ սխալների հնարավորության բացակայությունը,

- հազվադեպ հետախուզական ցանցի և հանքայնացման ընդհատվածության պայմաններում պաշարների որակական գնահատման սահմանափակ հնարավորությունը,

- բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող խոշոր օբյեկտների պաշարների գնահատման դեպքում անհատական համակարգիչների և ծրագրային արտադրանքների տեխնիկական հնարավորությունների սահմանափակումը։

   3. Համեմատական բնութագիրը

   Ավանդական և բլոկային մոդելավորման մեթոդներով պաշարների գնահատման արդյունքների համեմատման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք ասպեկտներ․

Հաշվարկման սկզբունքները և պաշարների հաշվառումը

ՀՀ-ում օրենսդրորեն սահմանված է ընդերքում պաշարների հաշվարկն առանց կորուստների և աղքատացաման հաշվառման և նախատեսված է պաշարների բաժանում ըստ հաշվեկշռային պատկանելիության։ Արտասահմանում (բացառությամբ մասնավորապես ՌԴ) գերազանցապես գնահատվում են կորզվող պաշարները։ Հայրենական պրակտիկայում պաշարների հաշվարկը հրահանգներով և մեթոդական առաջարկություններով մանրամասն կանոնակարգված է կամ ենթակա է կանոնակարգման, մինչդեռ արտասահմանյան երկրների, մասնավորապես Ավստրալիայի և Կանադայի պրակտիկայում հենվում են կոմպետենտ՝ իրավասու անձի փորձի, ինչպես նաև պաշարների/ռեսուրսների վերաբերյալ հաշվետվողականության ստանդարտների՝ չափանիշների պահանջների (JORC, NI 43-101, ՄԱԿ-ի շրջանակային դասակարգում և այլն) վրա, որոնք բավական էականորեն տարբերվում են մեկը մյուսից։ Արտահաշվեկշռային պաշարների առանձնացումը, բացի ՄԱԿ-ի շրջանակային դասակարգումից, արտասահմանյան չափանիշներում նախատեսված չէ։

   Հաշվարկման պայմանները և կոնդիցիաների օգտագործումը

   Պաշարների հաշվարկման ավանդական մեթոդը հիմնված է կոնդիցիաների օգտագործման վրա, որոնք իրենցից ներկայացնում են բավական երկար ժամկետի համար լիազոր մարմնի կողմից հաստատված ցուցանիշների ցուցակ։ Կոնդիցիաների պարամետրերը գործիքներ են, որոնք կարգավորում են ընդերքի սեփականատիրոջ (պետություն) և ընդերքօգտագործողի միջև փոխհարաբերությունները։

   Ավստրալիայի, Կանադայի և համանման արտերկների պրակտիկայում սովորաբար հաշվարկվում է օգտակար բաղադրիչի սահմանային պարունակությունը տարրական բլոկում, որի չափերը կարող են ընտրվել բավական կամայականորեն։ Սահմանային պարունակությունը (cut-off grade) կարող է վերանայվել կախված ստեղծված տնտեսական կոնյուկտուրայից՝ իրավիճակից։ Այդ ցուցանիշները պետական կարգավորման ենթակա չեն։

Տարբեր մոտեցումների դեպքում կոնդիցիաների պահանջների փոխադարձ հարմարեցումը գործնականում անհնար է, որը զգալիորեն բարդացնում է պաշարների հաշվարկման արդյունքների համեմատումը։ Բլոկային մոդելավորմամբ պաշարների հաշվարկման փորձը ցույց է տալիս, որ տարրական բլոկում օգտակար բաղադրիչի սահմանային պարունակությունը առավել հաճախ չի համապատասխանում ավանդական մեթոդի դեպքում նմուշում օգտակար բաղադրիչի եզրագծային արժեքին։

   Երկրավիճակագրության և բլոկային մոդելավորման մեթոդի կիրառելությունը

   Երկրավիճակագրական մոդելավորումը, որը հենված է պատահական ֆունկցիաների տեսության մաթեմատիկական ապարատի վրա, ունի որոշակի սահմանափակում։ Մոդելի որակը որոշվում է հանքավայրի կամ դրա մասերի երկրավիճակագրական համասեռության հաշվառմամբ։ Կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաներում այդ պայմանների ստուգումը սովորաբար նախատեսված չէ, իսկ դրանց չհետևելը բերում է պաշարների գնահատման մեջ սիստեմատիկ սխալների (պարունակության նվազման)։

   Պաշարների երկրավիճակագրական հաշվարկման տեսական առավելությունը կայանում է պարամետրերի գնահատման ճշգրտության բարձրացման մեջ։ Այն կապված է օբյեկտի կառուցվածքում անհամասեռության առկայության և գոյություն ունեցող հետախուզական ցանցով դրանց բացահայտման հնարավորության հետ։ Այն դեպքում, երբ կորրելյացիայի շառավիղը ստացվում է զգալիորեն փոքր քան հետախուզական ցանցի չափերը, այդ առավելությունը չի դրսևորվում և բլոկային մոդելավորման կիրառումը, գնահատման բարելավման տեսակետից, դառնում է ոչ արդյունավետ։

   Բլոկային մոդելավորման արդյունքները և որակը որոշվում են շատ գործոններով․ ընտրված երկրավիճակագրական մոդելի տեսքով (վարիոգրամմների մոդելներ), հանքավայրի սահմանների որոշման պայմաններով (դրա կարկասը), մոդելի բջիջների (բլոկների) չափերով, որոնվող էլիպսոիդի չափերով և կողմնորոշմամբ, նմուշների քանակով հաշվի առնվող մոդելի բջիջներում ելակետային տվյալների միջարկման դեպքում և այլն։ Պայմանների մեծ քանակությունը առաջացնում է մոդելավորման պարամետրերի ընտրության անմիարժեքություն։ Արդյունքում հանքավայրի գնահատումն ըստ մոդելների տարբերակների կարող են տարբերվել ըստ պարամետրերի մինչև 1․5-2, երբեմն ավելի անգամ։ JORC-ի կոդեքսով մոդելավորման որակի գնահատման համար նախատեսվում է ռեսուրների/պաշարների հաշվարկման արդյունքների համեմատման անհրաժեշտություն այլընտրանքային գնահատման տվյալների հետ։ ՌԴ պայմաններում բլոկային մոդելավորման արդյունքների վերահսկողությունը կարող է (պետք է) իրականացվել ավանդական հաշվարկման օգնությամբ։

   Բլոկային մոդելավորումը արդյունավետ է շահագործական հետախուզման փուլում (երբ ստեղծված է հետախուզական փորվածքների սահմանային խիտ ցանց) մաքրման աշխատանքների պլանավորման և ոչ միայն գնահատվող ծավալներում, այնպես էլ շրջապատող տարածությունում ըստ նմուշարկման տվյալների կորուստների ու աղքատացման հաշվառմամբ կորզվող պաշարների որոշման դեպքում։ Բացի դրանից, այստեղ հիմնական նպատակը կորզվող պաշարների գնահատման խնդրի որոշումն է։

Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ կորզվող պաշարների գնահատումը, այդ թվում կորուստների և աղքատացման մեծությունների օբյեկտիվ գնահատումը, պահանջում է հանքային մարմնի շրջապատող տարածությունում նմուշարկման տվյալների հաշվառում։

   Հուսով եմ, որ այս հարցի շուրջ կընթանա մասնագիտական քննարկումներ, ինչը հնարավորություն կտա ներդաշնակեցնել հայրենական և արտասահմանյան չափանիշները։

Թեման շարունակական է։

 

Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

տ․գ․դ․, պրոֆ․ ՀՊՃՀ «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի վարիչ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10