ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ
ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
(քննարկում 3)

   Այժմ ցանկանում եմ հակիրճ ներկայացնել հայրենական և պայմանականորեն արևմտյան կոչվող (JORC, NI 43-101, ՄԱԿ-ի շրջանակային դասակարգում և այլն) դասակարգումների տարբերությունները:

   Ընդերքի ուսումնասիրման և յուրացման ոլորտում հիմնարար փաստաթղթերից մեկը «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումն» է (այսուհետև Դասակարգում):

   Դասակարգումը կոչված է սահմանելու հանքավայրերի ուսումնասիրման միասնական պահանջներ, նպաստելու ներդրումների ռիսկի նվազեցմանը մինչև ողջամիտ սահմաններ, ապահովելու ինչպես պետության՝ ընդերքի սեփականատիրոջ, այնպես էլ ներդրողի շահերի պաշտպանությունը: Ուստի պատահական չէ, որ աշխարհի բազմաթիվ երկրներում այս փաստաթղթին բացառիկ մեծ ուշադրություն է դարձվում: Մշակվել է նաև Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ-ի) «Հանքավայրերի պաշարների/ռեսուրսների միջազգային շրջանակային դասակարգումը (ՄՇԴ)»:

   Հայաստանում ընդունված պաշարների դասակարգումը ընդհանուր առմամբ համապատասխանում է արևմտյանին։ Միևնույն ժամանակ արևմտյան ստանդարտներում առանձին գոյություն ունեն ըստ երկրաբանական ուսումնասիրման ռեսուրսների բնութագրեր և ըստ տեխնոլոգիական, լեռնատեխնիկական և տնտեսական ցուցանիշների պաշարների բնութագրեր։ Այդ տարբերություններով են պայմանավորված հակասությունները, որոնք առաջ են գալիս հանքավայրերի գնահատման հարցերում հայրենական և արևմտյան մասնագետների մոտ։ Օրինակ, ըստ արևմտյան մասնագետների, ապացուցված պաշարները (proven) կարող են դասակարգվել միայն չափված (measured) կարգի ռեսուրսների տնտեսական գնահատականից հետո, համապատասխանելով ՀՀ-ի դասակարգման А և В կարգերին։ ՀՀ-ում ըստ բարդության երրորդ խմբի հանքավայրերը հետախուզվում են միայն մինչև С1 կարգը։ Այսպիսով, այդ հանքավայրերը, ըստ արևմտյան փորձաքննության արդյունքների, չունեն ապացուցված պաշարներ, չնայած այդ հանքավայրերը հաջողությամբ յուրացվում են։ С2 կարգի պաշարները, որոնք համապատասխանում են ըստ արևմտյան կարգերի գնահատված ռեսուրսներին (inferred), արևմտյան ստանդարտներում փաստացի բացառված են տնտեսական գնահատականից։

   Միևնույ ժամանակ ՀՀ-ում այդ պաշարները հաճախ մասնակցում են ՏՏՀ հիմնավորման մեջ և հաշվի են առնվում հանքարդունաբերական ձեռնարկության նախագծման ժամանակ։

   Հետախուզական ցանցի օպտիմալ խտության հիմնավորման, հանքավայրերի արդյունաբերական (երկրաբանատնտեսագիտական) գնահատման, ռիսկի աստիճանի որոշման և այս կամ այն որոշումն ընդունելու ժամանակ ներդրողի համար մեծ նշանակություն ունի օբյեկտի երկրաբանական բարդության, տարածության մեջ հանքային մարմինների հիմնական հատկությունների փոփոխականության մասին տեղեկատվությունը, որը ՀՀ-ում արտացոլված է ըստ հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության դասակարգման մեջ, մինչդեռ արևմտյան ստանդարտներում այն բացակայում է։ Արդյունքում արևմտյան փորձագետները պաշարների դասակարգման դեպքում հաճախ տարբերություն չեն դնում մանր և խոշոր հանքավայրերի միջև և ձևականորեն ղեկավարվում են միայն հետախուզական ցանցի չափերով։ Դա նույնպես ստեղծում է հակասություն պաշարների դասակարգման ՀՀ-ի և արևմտյան ստանդարտների միջև։

   Հայրենական պրակտիկայում պաշարների հաշվարկում գոյություն ունեն հաշվարկային բլոկների չափերին վերաբերող պահանջներ, մինչդեռ արևմտյան ստանդարտներում դրանք չկան։

   Եթե համեմատենք ՄՇԴ-ում, ՀՀ-ի Դասակարգումներում ընդունված պաշարների (ռեսուրսների) կարգերը, թերևս, կարելի է ասել, որ «չափված» պաշարները համընկնում են A և B կարգերով հետախուզված պաշարներին, «հաշվարկված»ները՝ C1 կարգի պաշարներին, իսկ «ենթադրվող»-ները՝ C2 կարգով նախնական գնահատված պաշարներին: Ընդ որում, պաշարները (ռեսուրսները) եզրագծել և հաշվարկել («չափել», «հաշվել») կարելի է միայն կոնդիցիաների պարամետրերի առկայության դեպքում, որոնք հիմնավորվում են գնահատման համապատասխան փուլից (ՏՏՀ, ՏՏԶ, ՏՏՆ) հետո:

   ՀՀ Դասակարգումն ընդգրկում է նաև պաշարների տնտեսական դասակարգումը, որը հիմնված է «արժողության գործակցի» վրա, որը բացակայում է արևմտյան ստանդարտներում։

   Սրանք են հայրենական և արևմտյան դասակարգումների միջև այն հիմնական տարբերությունները, որոնց հիման վրա հնարավոր է ներդաշնակեցման սկզբունքներ և մոտեցումներ մշակել։

   Սրանով ավարտում եմ բարձրացված հիմնահարցի վերաբերյալ իմ կարծիքը։

 

Հարգանքով «ԼԳ և ՇՄՊ» ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆ․ Ա․ Հովաննիսյան

 

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10