Անհնար է գերագնահատել մարդկության զարգացման գործում ընդերքի հարստության հսկայական նշանակությունը:
Ժամանակի ընթացքում այդ նշանակությունը բազմակի մեծանում է կախված օգտակար հանածոների պաշարների սպառումից և դրանց սպառողական աճից: Վերջինս կապված է երկրագնդի բնակչության անշեղ հավելաճի և տեսակարար սպառողական աճի (հատկապես զարգացող երկրներում) հետ:
Սպառողական աճը, իր հերթին, անխուսափելիորեն բերում է միներալային ռեսուրսներից ապրանքների արտադրության գնի աճի, ինչը կապված է վատ բնական պայմաններով ներկայացված հանքավայրերի և դրանց մասերի պաշարների արդյունաբերական յուրացման ներգրավման հետ:
Վերոշարադրյալը ցույց է տալիս ընդերքօգտագործման առանձնահատկությունների միայն մի մասը, իսկ առավել ամբողջական ներկայացված է ստորև:
- Ճնշող մեծամասնությամբ դեպքերում տեսողաբար անհնար է բացահայտել այս կամ այն տարածաշրջանում միներալային ռեսուրսների առկայությունը: Դրանց հայտնաբերումը իրականացվում է երկրաբանության, երկրաֆիզիկայի, երկրաքիմիայի, միներալոգիայի (հանքաբանության), ստրատիգրաֆիայի (շերտագրության), տեկտոնիկայի, պալեոանթալոգիայի (հնէաբանության) և գիտական մի շարք այլ ոլորտներում խորը և համալիր հետազոտությունների հիման վրա:
2.Հայտանաբերվող արդյունաբերական օբյեկտի երկրաբանական ուսումնասիրությանն ուղղված ներդրումների ռիսկի նվազեցման նպատակով հաջորդաբար, ըստ առանձին փուլերի, իրականացվում են երկարատև աշխատանքներ:
3.Երկրաբանահետախուզական աշխատանքները իրականացվում են բաց և ստորգետնյա լեռնային փորվածքների անցկացմամբ ու սյունակային հորատման հորատանցքերի հորատմամբ, որոնց գումարային երկարությունը հաճախ հասնում է տասնյակ կիլոմետրերի: Ընդ որում հետախուզական ցանցի օպտիմալ խտությունը սերտորեն կապված է հանքավայրի չափերի, դրա երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանի, օգտակար հանածոյի արժողության հետ:
- Հետախուզական փորվածքներում օգտակար հանածոյի և պարփակող ապարների զանգվածից վերցվում են տարբեր նմուշներ:
- Մասնագիտացված լաբորատորիաներում ուսումնասիրվում են օգտակար հանածոյի և պարփակող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, միներալային կազմը, որակական բնութագրերը, ինչպես նաև հանքային հումքի վերամշակման (հարստացման) տեխնոլոգիաների տարբերակները:
6.Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո իրականացվում է հանքավայրի երկրաբանատնտեսագիտական (արդյունաբերական) գնահատում՝ աշխատանքների շարունակման նպատակահարմարության հիմնավարմամբ և օգտակար հանածոյի հաշվեկշիռային ու արտահաշվեկշիռային պաշարների եզրագծման և հաշվարկման համար կոնդիցիայի պարամետրերի որոշմամբ:
- Գնահատման յուրաքանչյուր փուլում որոշվում են սերտորեն փոխկապակցված և փոխպայմանավորված բարդ խնդիրներ. հանքավայրի մշակման և բացման եղանակի ընտրում, օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման օպտիմալ տեխնոլոգիաների հիմնավորում: Ընդ որում որոշվում են այնպիսի առանձնահատուկ ցուցանիշներ, ինչպիսիք են արդյունահանման ժամանակ օգտակար հանածոյի աղքատացման և կորուստների գործակիցները, խտանյութի ելքը, օգտակար բաղադրիչների կորզման գործակիցները, խտանյութում և հարստացման պոչանքներում մետաղների պարունակությունները: Հետևաբար, եթե, օրինակ, ամբողջովին միանման մեքենաշինական կամ հաստոցաշինական գործարաններ կարելի է կառուցել և շահագործել Երկրագնդի ցանկացած կետում, ապա հանքահարստացման կոմբինատի դեպքում դա հնարավոր չէ:
- Տեխնիկատեխնոլոգիական հաշվարկների օգտագործմամբ իրականացվում է լեռնատրասպորտային սարքավորումների թվաքանակների հաշվարկ, որոշվում են կապիտալ ներդրումները, հանքաքարի արդյունահանման և վերամշակման ինքնարժեքները, ինչպես նաև 1 տ հանքաքարի կորզվող արժողությունը, շահույթը և այլ տնտեսական ցուցանիշներ:
- Ի տարբերություն տնտեսության այլ ճյուղերի հանքարդյունաբերական ձեռնարկության «ծառայության» ժամկետը սահմանափակ է. այն որոշվում է հանքավայրի օգտակար հանածոյի շահագործական պաշարների և հանքաքարի արդյունահանման տարեկան արտադրողականության հարաբերությամբ:
Ընդերքօգտագործման (հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրություն և արդյունաբերական յուրացում) նշված առանձնահատկությունները թույլ են տալիս կատարել հետևյալ եզրահանգումները.
- երկրաբանահետախուզական աշխատանքների և ընդերքի օպտիմալ յուրացման խնդիրների օբյեկտիվ լուծումները հնարավոր են միայն երկրաբանական, տեխնիկական, տեխնոլոգիական և տնտեսական տեսակետների պարտադիր սերտ զուգակցման հաշվառմամբ,
- ընդերքօգտագործման տնտեսագիտությունը (էկոնոմիկան) առավել ընդհանուր և բարդ է:
Այդ իմաստով չափազանց ուշագրավ է ակադեմիկոս Վ. Վ. Ռժևսկու անկեղծ խոսքը, որը տեղ է գտել “Горный Журнал” պարբերականի էջերում: Հեղինակը զղջացել է, որ ինքը «Լեռնային գիտությունը» համարել է միայն տեխնիկական և տեխնոլոգիական ոլորտ և ոչ թե տնտեսագիտական:
Էջը ներկայացրել է տեխնիկական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ