Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնային գործ և շրջական միջավայրի պահպանություն» ամբիոնում տեղի ունեցավ հայցորդ Լիլիթ Եղիազարյանի ատենախոսության նախնական քննարկումը (ղեկավար տ․գ․դ․, պրոֆեսոր Ա․ Հովհաննիսյան)։
Հետազոտությունը վերաբերում էր բացահանքի արտադրական գործընթացների պարամետրերի լավարկման հետևյալ հարցերին.
- հորատապայթեցման աշխատանքների ծավալների ապահովման նպատակով հորատման հաստոցների աշխատանքային ռացիոնալ ռեժիմի կազմակերպման հիմնավորում,
- բացահանքում հանքաքարի ընտրողական հանույթ ապահովող հանքաստիճանի հորատապայթեցման նոր տեխնոլոգիայի մշակում,
- բացահանքում ավտոինքնաթափերով և ժապավենային փոխակրիչով հանքաքարի տեղափոխման համակցված եղանակի կիրառման նպատակահարմարության հիմնավորում։
Ուրախալի է նկատել, որ ապագա գիտնականի հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել բացահանքով մշակման ենթակա կամ մշակվող մետաղական հանքավայրերի արդյունաբերական գնահատման աշխատանքներում և շահագործման նախագծերում, որոնց կիրառումը կապահովի հանքային արտադրության արդյունավետության զգալի աճը։