Խոր վշտով հայտնում ենք, որ 2021թ. ապրիլի 26-ին, կյանքից հեռացավ երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի գիտնական

ԷՄՄԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ

   Էմմա Սաղաթելյանը ծնվել է 1929թ. ապրիլի 4-ին։ Գերազանցությամբ ավարտել է Մայակովսկու անվան դպրոցն ու Երևանի պետական համալսարանը՝ դառնալով Հայկական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ։

   1958թ. Էմմա Սաղաթելյանը պաշտպանել է միներալոգիական թեմայով թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1974-ին ստացել երկրաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Հեղինակել է ավելի քան 80 գիտական հոդվածներ, եղել է մեկ մենագրության հեղինակ և երեք գրքերի համահեղինակ։ Նրա գիտական վաստակը մեծ գնահատանքի է արժանացել ոչ միայն Հայաստանում և Խորհրդային Միությունում, այլև աշխարհի բազում երկրներում։

   Նրա գիտական գործունեությունը դեռևս 70-ական թվականներից լայն լուսաբանվել է միջազգային մամուլում և հատկապես գիտական պարբերականներում։ Իսկ 1978թ. Քեմբրիջի համալսարանի «Ով ով է։ Աշխարհի կանայք» կենսագրական բառարանում հրապարակվել է նաև հայազգի գիտնականի կենսագրությունը։

   Էմմա Սաղաթելյանի ղեկավարած գիտական խումբն աչքի է ընկել Երկրի էներգաակտիվ ցանցավոր կառույցների (Հարթմանի ցանց) երկրաբանական և երկրատիեզերական նշանակության բացահայտմամբ, իսկ համաշխարհային ճանաչում ստացած երկրորդ աշխատությունը Սպիտակի երկրաշարժի նյութի հիման վրա ռադիացիոն վտանգի սեյսմիկ գործոնի ուսումնասիրությունն էր։ Մինչ այդ՝ դեռևս 1964 թվականին, Էմմա Սաղաթելյանը առաջ էր քաշել Հայաստանի հրաքարային (պիրիտային) հանքավայրերի ձևավորման նոր կոնցեպտը, որը սկզբում մերժվել է խորհրդային գիտնականների կողմից, բայց տասը տարի անց՝ Սվերդլովսկում կայացած համամիութենական գիտաժողովի ժամանակ հաստատվել։ Էմմա Սաղաթելյանի դոկտորական ատենախոսության («Հայաստանի պիրիտային հանքավայրերի ձևավորման պայմանները») մեծ մասը այնուհետև տեղ է գտել «ԽՍՀՄ պիրիտային հանքավայրերը» գրքում։

   Էմմա Սաղաթելյանը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Լեռնային ֆակուլտետի Միներալոգիայի ամբիոնը։ Մանկավարժական գործունեության մի քանի տասնամյակների ընթացքում նա կրթել է երկրաբան գիտնականների մի քանի սերունդներ։

   Տաղանդաշատ գիտնականը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակի հուշամեդալով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10