Մասնագետը հարց է բարձրացնում
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

   «Տարբերակված (դիֆերենցիալ) լեռնային ռենտան» հատուկ է փակ տնտեսական համակարգին ու լինում I և II։

Ներկայացնենք «Տարբերակված լեռնային ռենտա I»-ի գաղափարի բացատրությունը: Մետաղական հանքավայրերը միմյանցից տարբերվում են բնատնտեսական հետևյալ պայմաններով․

- հումքի որակով՝ օգտակար բաղարիչի/ների և վնասակար խառնուրդների պարունակություններով,

- օգտակար հանածոյի պաշարների արդյունաբերական մասշտաբով,

- մշակման լեռնաերկարաբանական և լեռնատեխնիկական պայմաններով՝ հանքակուտակի հզորությամբ, անկման անկյամբ, տեղադրման խորությամբ, հանքաքարի և պարփակող ապարների ամրությամբ ու կայունությամբ և այլ ֆիզիկամեխանիկական հատկություններով, հիդրոերկրաբանական իրավիճակով,

- տեղադիրքով՝ սպառման հիմնական կետերի, տրանսպորտային մայրուղիների, էներգետիկ աղբյուրների նկատմամբ ունեցած հեռավորությամբ,

- շրջանի իրացվածությունը և կլիմայական պայմանները և այլն։

   Համեմատաբար ավելի բարենպաստ բնատնտեսական պայմաններ ունեցող հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների հենքի վրա գործող հանքահարստացուցիչ ձեռնարկությունը, այլ հավասար աշխատանքային և նյութական ներդրումների դիմաց, միավոր վերջնարտադրանքից ստանում է ավելի մեծ արդյունք, քան վատագույն պայմաններում աշխատող ձեռնարկությունը։ Սակայն, վերջինիս գործունեությունը տնտեսական անհրաժեշտություն է, առանց որի հասարակությունը չի կարող բավարարել իր պահանջները մետաղների գծով, ուստի այդ ձեռնարկության վրա կատարած ծախսերը հանրորեն անհրաժեշտ ծախսեր են ու դրանք պետք է հատուցվեն հասարակության կողմից։

   Դա նշանակում է, որ վատագույն պայմաններում աշխատող հանքահարստացուցիչ ձեռնարկության վրա կատարած ծախսերը օբյեկտիվորեն սահմանում են վերջնարտադրանքի միավորի արժեքը և գինը։ Հետևաբար, լավագույն և միջին բնատնտեսական պայմաններ ունեցող հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների հենքի վրա գործող հանքահարստացուցիչ ձեռնարկության վերջնարտադրանքը չի կարող վաճառվել տարբեր գներով՝ այն վաճառվում է սպառողներին միևնույն գներով։ Այստեղից էլ ավելի բարենպաստ պայմաններում աշխատող ձեռնարկությունների արտադրանքի իրացման հաշվին այդ ձեռնարկոլթյունները ստանում են որոշակի լրացուցիչ, հավելուրդային եկամուտ կամ արդյունք, որը և դիֆերենցիալ ռենտայի, այսպես ասած, բնեղեն հիմքն է։

   Այլ կերպ ասած «տարբերակված լեռնային ռենտա I»-ը վատագույն բնատնտեսական պայմաններ ունեցող և գնահատվող առանձին հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների հենքի վրա գործող հանքահարստացուցիչ ձեռնարկության ծախսերի տարբերությունն է, որն արդարացիորեն անհրաժեշտ է շնորհել ոչ թե՛ հանքավայրը շահագործողին, այլ տիրապետողին՝ պետությանը։

   «Տարբերակված լեռնային ռենտա II»-ը գոյանում է հանքային հումքի արդյունահանման և վերամշակման առավել կատարելագործված, զարգացած տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ։

   Ազատ շուկայական տնտեսության պայմաններում «տարբերակված լեռնային ռենտան» փոխակերպվում է «գերնորմատիվային շահույթի», որտեղ ապրանքային արտադրանքի արժեքի որոշման հիմքում դրվում է տվյալ մետաղի համաշխարհային գինը։

   Հայաստանում կիրառվում է «ռոյալթի», որը մետաղական օգտակար հանածոյի հանքավայրի շահագործման իրավունքի դիմաց մասնավոր ընդերքօգտագործողը վճարում է ընդերքի սեփականատիրոջը՝ պետությանը։

Ներկայում կիրառվող «ռոյալթի»-ի լուրջ թերությունն այն է, որ այն չի բխում համապետական շահերից և հետևաբար չի կարող ապահովել կառավարության կողմից ընդեքօգտագործման ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը: Մասնավորապես.

- մետաղական օգտակար հանածոների համար «ռոյալթին» սահմանվում է հասույթի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափով՝ առանց մարվող պաշարների հաշվառման, ինչը չի նպաստում կորուստների նվազեցմանը,

- բնատնտեսական լավագույն պայմաններ ունեցող հանքավայրերում «ռոյալթի»-ի վերոհիշյալ մեխանիզմի օգտագործման արդյունքում ընդերքօգտագործողը ստանում է գերշահույթ, որի զգալի մասը «տարբերակված լեռնային ռենտա I»-ն է, իսկ բնատնտեսական անբարենպաստ պայմաններով հանքավայրերի դեպքում` տոկոսադրույքի բարձր լինելու պարագայում, կրում է ֆինանսական վնասներ:

   Բացի դրանից հարկ է նշել նաև այն մասին, որ գանձվող «ռոյալթին» ամբողջովին ուղղվում է պետական բյուջե, ինչն անարդար է։ Կարծում եմ «ռոյալթի»-ի որոշակի մասնաբաժին անհրաժեշտ է տրամադրել այն մարզին, որտեղ գտնվում է տվյալ հանքավայրը, քանի որ առաջին հերթին ազդակիր համայքների բնակչության վրա են ազդում հանքավայրի շահագործումից առաջացող բացասական հետևանքները և, բնականաբար, այդ վնասները պետք է փոխհատուցվեն անմիջապես։ Ընդ որում, մարզային բյուջե ուղղվող «ռոյալթի»-ի մասնաբաժինը պետք է օգտագործվի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին համահունչ։

Ակնկալում եմ հարցի շուրջ շահագրգիռ քննարկումներ։

Հարգանքով

Տեխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Ա․Հ․ Հովհաննիսյան

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10