Ցավոք, նորակազմ լեռնային ֆակուլտետը ևս երկար կյանք չունեցավ։ Երկրաբանական մասնագիտության գծով կադրեր պատրաստելու գործում զուգահեռականությունը վերացնելու նպատակով ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության հրամանով 1956 թվականի սեպտեմբերին լեռնային ֆակուլտետի օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզություն մասնագիտության II, III և IV կուրսերի ուսանողները տեղափոխվեցին Երևանի պետական համալսարանի երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետ։ Մեկ կիսամյակ անց նույն նախարարության մեկ այլ հրամանով այդ ուսանողները նորից վերադարձվեցին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ` ուսումը շարունակել մեքենաշինության տեխնոլոգիա և ջրամատակարարում ու կոյուղի մասնագիտությունների գծով։ Լեռնային ֆակուլտետի ուսանողական կազմը բավականին կրճատվեց, և այլևս անիմաստ էր լեռնային ֆակուլտետի առանձին գոյությունը։ 1956/57 ուսումնական տարում այն լուծարքի ենթարկվեց։ Ուսանողներին հնարավորություն տրվեց ուսումը շարունակելու իրենց ընտրած մասնագիտությամբ` հիդրոտեխնիկական ֆակուլտետի դեկանատի ղեկավարությամբ:
Հետպատերազմյան 10 -12 տարիների ընթացքում ինստիտուտի մասնագիտությունների կազմում տեղի ունեցան զգալի փոփոխություններ: Ելնելով դրանից, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման պահանջները, ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարությունը 1957 թվականի մայիսին հաստատեց ինստիտուտի մասնագիտությունների նոր կառուցվածք, որի համաձայն բուհում գործում էր 4 ֆակուլտետ 14 մասնագիտություններով` շինարարական` 5 մասնագիտությամբ (արդյունաբերական ու քաղաքացիական շինարարություն, ճարտարապետություն, ջերմագազամատակարարում և օդափոխություն, ջրամատակարարում և կոյուղի, ավտոմոբիլային ճանապարհներ), քիմիատեխնոլոգիական` 2 մասնագիտությամբ (սիլիկատների տեխնոլոգիա և կոնսերվացման տեխնոլոգիա), էլեկտրատեխնիկական` 4 մասնագիտությամբ (արդյունաբերական ձեռնարկությունների ու սարքավորումների էլեկտրիֆիկացիա, էլեկտրական կայաններ, ցանցեր ու սիստեմներ, էլեկտրական մեքենաներ և ապարատներ, ավտոմատ հեռուստամեխանիկական և էլեկտրաչափիչ գործիքներ ու սարքեր) և մեխանիկական ֆակուլտետ` մեկ մասնագիտությամբ (մեքենաշինության տեխնոլոգիա և մետաղահատ հաստոցներ ու գործիքներ):
Շուտով մտցվեցին երկու նոր մասնագիտություններ. հիդրոտեխնիկական կառուցվածքներ՝ շինարարական ֆակուլտետում, և մաթեմատիկական ու հաշվող-վճռող մեքենաներ ու սարքավորումներ` էլեկտրատեխնիկական ֆակուլտետում։
Հանրապետության տնտեսական մարմինների ոչ իրատեսական պլանավորման պատճառով ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարությունը 1957 թ. հուլիսի 19-ի հրամանով լուծարքի ենթարկեց ինստիտուտի ամենահին ֆակուլտետներից մեկը` հիդրոտեխնիկականը։ Նրա հիդրոտեխնիկական շինարարություն, ջրամատակարարում ու կոյուղի և ավտոմոբիլային ճանապարհներ մասնագիտությունների խմբերը հանձնվեցին շինարարական ֆակուլտետին, իսկ այնտեղ սովորող նախկին լեռնային ֆակուլտետի օգտակար հանածոների հանքատեղերի շահագործում մասնագիտության ուսանողները՝ քիմիատեխնոլոլոգիական ֆակուլտետին: