Պատվով հաղթահարեցինք դժվարությունները. «Թեղուտ Մայնինգ»-ում տոնեցին Մետալուրգի օրը

«Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատում մեծ շուքով և հանդիսավորությամբ` աշխատանքային կոլեկտիվի և բազմաթիվ հյուրերի ներկայությամբ, նշեցին Մետալուրգի օրը: Մասնագիտական տոնի առիթով բացված սեղանի, հրավիրված ազգագրական երգի պարի համույթների կատարումների տակ «Թեղուտ»-ի աշխատակիցները նշեցին իրենց ձեռքբերումներն ու խոսեցին գալիք նպատակների մասին:

Շնորհավորելով կոմբինատի աշխատակիցներին և հյուրերին մասնագիտական տոնի առթիվ, «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն նշեց, որ անցնող տարին չափազանց բարդ էր կոմբինատի համար, սակայն իրենք կարողացան պատվով հաղթահարել դժվարությունները․ «Ինչպես գիտեք 2020թ. չափազանց բարդ տարի էր, թե երկրի և թե կոմբինատի համար․ նախ կորոնավիրուսային համաճարակը, հետո նաև պատերազմը զգալի դժվարություններ ստեղծեցին կոմբինատի համար: Մեր բազմաթիվ աշխատակիցներ հիվանդացան, մեր աշխատակիցներից շատերը զորակոչվեցին ռազմաճակատ, կոմբինատի տեխնիկայի մի մասը ուղարկվեց պատերազմական գործողությունների գոտի՝ ծառայելով պաշտպանական կարիքներին, սակայն չնայած դրան, մենք կարողացանք կատարել մեր առջև դրված խնդիրը, և դա շնորհիվ կոմբինատի աշխատակիցների համախմբված և արդյունավետ աշխատանքի»,-հպարտությամբ նշեց Վլադիմիր Իվանովիչը:

Ներկաներին և հյուրերին շնորհավորեց նաև Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Թեղուտի հանքավայրը գտնվում է Շնող խոշորացված համայնքի տարածքում, և կոմբինատում զգալի թիվ են կազմում համայնքի կազմում ընդգրկված Թեղուտ, Շնող և Քարկուտ գյուղերի բնակիչները: Ղումաշյանը նշեց, որ կոմբինատը զգալի ներդրում է կատարում համայնքի կողմից իրականացվող սոցիալ տնտեսական և մշակութային խնդիրների լուծման գործում, հատկապես կարևորելով կոմբինատի սեփականատերերից Նորիկ Պետրոսյանի անձնական ներդրումն այդ գործում, ով կոմբինատի վերագործարկումից հետո միշտ եղել և շարունակում է լինել համայնքի և նրա բնակիչների կողքին:
Դավիթ Ղումաշյանի հետ հարցազրույցը կներկայացնենք առանձին:

Հանդիսավոր ելույթներից և շնորհավորանքներից հետո «Թեղուտ»-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրը «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի  կողմից ստորագրեց կոմբինատի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն, Ազգային պոլիտեխնիկական համալսարանի անունից` պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը:

Համաձայնագիրը պոլտեխնիկական համալասարանի ուսանողներին հնարավորություն կտա իրենց մասնագիտական գիտելիքները կատարելագործել կոմբինատում, իսկ «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատին ունենալ բարձրակարգ ինժեներական կադրային հերթափոխ:

Մինչ համաձայնագրի ստորագրումը «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատ այցելած հյուրերը եղել էին հանքավայրում և լեռնահարստացուցիչ կոմբինատում, ծանոթացել հանքաքարից մինչև պղնձի և մոլիբդենի խտանյութ շղթային: Կոմբինատի աշխատակիցները հյուրերին ներկայացրել էին միջազգային լավագույն ընկերությունների տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած արտադրությունը, որտեղ ամեն ինչ իրականացվում է ավտոմատացման ռեժիմում, իսկ կոմբինատի աշխատակիցներն այդ ամենին հետևում են մոնիտորների վրա:

Հյուրերին զարմացրեց այն հանգամանքը, որ օնլայն ռեժիմում հնարավոր է հետևել հանքաքարից մետաղի կորզման արդյունավետությանը, խտանյութում պղնձի և մոլիբդենի պարունակությանը, և նույնիսկ պոչամբար գնացող հանքանյութի մեջ չկորզված մետաղի պարունակությանը:

Տեխնոլոգիական զինվածության նման բարձր մակարդակը ևս մեկ գրավականն է այն համոզման, որ կոմբինատում ուսումնաարտադրական պրակտիկա անցնող ուսանողները կկարողանան դառնալ ոլորտի լավագույն մասնագետներ:

Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ պարգևատրման և խրախուսման ավանդական միջոցառումը: Կոմբինատի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն արժեքավոր նվերներ և պատվոգրեր հանձնեց իրենց աշխատանքում աչքի ընկած հանքագործներին, ինչը նրանց կմոտիվացնի հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ, «Մեղրաձոր Գոլդ» ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանն էլ երկարամյա և նվիրված աշխատանքի համար Հայաստանի հանքարդյունաբերողների միության հուշամեդալով պարգևատրեց «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի երկրաբանա մարկշեյդերական բաժնի պետ Հրաչյա Հարությունյանին:

Պաշտոնական մասից հետո մասնագիտական տոնախմբությունը շարունակվեց ավելի ազատ և անկաշկանդ մթնոլորտում:

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10