ՀԻՇԱՏԱԿՆԵՐ
ՆԱ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԿՐՈՂ ԷՐ
Երկու խոսք Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր և պատվավոր նախագահ Մաքսիմ Հակոբյանի հիշատակին՝ ծննդյան տարելիցի առթիվ

   Երբևէ որևէ մեկը վստահաբար չի կարող ասել, թե ինչ առաքելությամբ է աշխարհ եկել:

   Ամեն մեկս մեր առաքելությունն ունենք, բայց ամեն մեկը չէ, որ գիտակցում կամ մտածում է դրա մասին: Դա մենք կրում ենք մեր մեջ, մեր արյան մեջ, որ ուղղորդում է մեր գործողությունները, ու մենք ականջալուր ենք լինում նրա կանչին մեր կամքից անկախ, ու երբեմն տարակուսած կարող ենք ինքներս մեզ հարցնել, թե այսինչ քայլը ինչո՞ւ այսպես արեցինք: Ահա այդպես էլ չհասկանալով, մենք դա փոխանցում ենք մեր հաջորդներին, հետնորդներին՝ սերնդեսերունդ:

   Ուստի և մեզանից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ  հավերժության ժամանակներն իրար կապող շղթայի մեկ օղակն է, մի հանգույցը, որի միջով նաև գեներն են փոխանցվում, էներգետիկան, բնավորություններն ու հուզաշխարհների յուրահատկությունները, դրա համար էլ մենք կրկնում ենք մեր նախորդներին, նույնիսկ առանց նրանց մասին որևէ իմացության, ու կրկնում ենք ոչ միայն արտաքին նմանություններով, այլ ողջ էությամբ՝ որքան էլ որ ժամանակի «փոշին» ծանր ու հաստ շերտով պատած լինի մեր հիշողության դաշտը:

   Հարց է, թե մենք որքանով ենք գիտակցում մեզ «պատմականորեն» տրված այդ գործառույթը և կկարողանա՞նք արդյոք նեղ անձնական ցանկություններից ու շահերից վեր կանգնել և ժամանակի մեջ դառնալ այն արժանի «հանգույցը»՝ սերունդների անցյալն ու ապագան իրար կապող հերթական օղակը: «...Եվ աշխարհն ին՞չ է…», հարցնում է պոետն ու ինքն էլ պատասխանում է՝ «...բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ»:

   Իսկ գայթակղությունները շատ-շատ են, հատկապես, երբ կյանքը քեզ լայն հնարավորությունների բուրգի առաջ է կանգնեցնում:

   … Նրան դիմում էին բոլորը, ով որևէ նախաձեռնություն, որևէ մտահղացում, որևէ գործ  էր ձեռնարկում: Որքան զգացել եմ, հազվադեպ էին ձեռնունայն հեռացողները, ընդառաջում էր ինչ-որ կերպ, ինչ-որ բանով…

   Նրա համար կարևորը գաղափարն էր, թե հետո դրանից ինչ կստացվեր, այլ հարց է, կարևորը ընդառաջելն էր, մտահղացումը, նախաձեռնողականությունն ու ոգևորությունը չմեռցնելը: Համոզված էր՝ ամեն մի գործ մի կաթիլ արդյունք կունենա՝ կաթիլից է գոյանում ծովը: Սա նշանաբանի նման էր, սովորույթ, որի մասին չէր էլ մտածում, բնականաբար՝ արածի համար երբևէ չէր ափսոսում:

   Դա ոգևորում էր մարդկանց, ավելի պատասխանատու էին զգում, ավելին անելու, արդարացնելու ձգտում էր առաջացնում. մտածում էին, եթե նա ընդառաջել է, ուրեմն կհետևի և կսպասի արդյունքին…

   Մի անգամ, Հանքագործի օրվա առթիվ հուշամեդալների վկայականներն էր ստորագրում, սովորական աշխատանքային գործընթաց էր: Երբ պատրաստվում էի դուրս գալ, առանց ինձ նայելու, կարծես ի միջիայլոց, ասաց «Ես գոհ եմ քո աշխատանքից»:

   Այդ պահին ինձ թվաց, թե դրա կարիքը չկար, բայց այդ խոսքերի մոգականությունն ուղեկցում է ինձ առ այսօր: Չմեկնաբանեմ, իր նման մի փոքր լռեմ:

   Գիտե՞ք, իրականում մենք տարեկիցներ ենք և թվում է, թե հասակակիցների առօրյա, թեկուզ գործնական հարաբերություններում նման գնահատականը կհնչեր մի փոքր այլ կերպ կամ այլ կերպ է դա լինում: Դժվարանում եմ հիմա այդ զգացողությունը ընկալելի նկարագրել, բայց հետո հասկացա, որ գնահատված լինելը կամ թեկուզ զգալը, անգամ այս տարիքում, կարող է, ասենք՝ արյունդ մի փոքր ավելի արագ պտտացնել: Իսկ հիմա, երբ դա արդեն հուշ է՝ կապված նվիրական մի մարդու հետ՝ առավել ևս:   

   Նա մեկն էր, ով մինչև վերջ էլ չմոռացավ, թե ում հետ կամ ում մոտ է սկսել իր աշխատանքային առաջին քայլերը, որովհետև նրա մեջ երախտագիտությունը գերակայում էր բոլոր զգացմունքներին: Հենց այս հարթությունում, թերևս ենթագիտակցորեն, նրա մեջ խոսում էր ավանդույթները կրելու ու փոխանցելու իր առաքելությունը: Դա կարող էր վերաբերել ծնողին, ուսուցչին, ավագ ընկերոջն ու գործընկերոջը: Նա ենթագիտակցորեն իր մեջ կրում էր ավագ լինելու աստվածատուր կոչումը և արժանապատվորեն «դիմացավ» իրեն վերապահված աստեղային ժամանակի բոլոր փորձություններին: Նա բոլորի համար ավագ էր՝ անկախ տարիքից ու հասարակության մեջ զբաղեցրած պաշտոնից:

   Ինքն այդ մասին չէր խոսի, ի՞նչ խոսեր: Դա զգացումի կամ, ավելի ճիշտ, զգացմունքի նման մի բան է, որը կրում ես քո մեջ, որպես տոհմի չբարձրաձայնվող, նվիրական գաղտնիք:

   Ես հիմա խոսում եմ նրա մարդկային բնույթի մասին ու, մտածում եմ, թե շատ առաջ չգնացի՞, շատ չխորացա՞ մի բանում, որտեղ խճճվելու լուրջ վտանգ կա իմ իմացությունների պաշարից բխող: Ես ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր ավելի մտերիմ ու ավելի մոտ են կանգնած եղել նրան ու միգուցե մտովի քմծիծաղում են պարզունակությանս: Ամեն դեպքում՝ ես այդպես տեսա ու ճանաչեցի Մաքսիմ Անուշավանի Հակոբյանին, ու սա դեռևս վերջին խոսքը չէ նրա կյանքի ու թողած ժառանգության մասին:

 

   Հետգրություն

   Չկարողացա ամփոփել, ավարտուն տեսքի բերել խոսքս. թերևս հախուռն զգացումներն են խանգարում…

   Վերջերս մի քանի անգամ եղա Սյունիքում, քո հայրենի Քաջարանում, Կապանում… շատ էի ուզում ընկալել-զգալ քո թողած արժեքները կրող, քեզ հաջորդող այն օղակը, որն առանց աղավաղելու Սյունյաց երկրի հազարամյա ավանդույթներն այնուհետև պետք է փոխանցի գալիք սերունդներին…

   Հիմա շատ բաներ են արագ փոփոխվում, միգուցե արդեն չեմ հասցնում ընկալել. հույսս դա է:

   Ներող եղիր, եթե սրտովդ չստացվեց խոսքս, խաղաղ հանգչիր քո հայրենի Զանգեզուրում, Մաքսիմ Անուշավանիչ:

 

Վոլոդյա Կիրակոսյան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն

«ՀԱՆՔԱԳՈՐԾ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳ»  հանդեսի հիմնադիր խմբագիր

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10