ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԻ
ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍԻ ՉԱԽԱԼՅԱՆ

   Նրանց մասին, ովքեր զոհաբերեցին, ամենաթանկը, անձնականը, որ դրեցին անանձնականի զոհասեղանին՝ գիտակցաբար, «իմացեալ», ասել, պատմել անհրաժեշտ է անընդմեջ, անկախ նրանից քաղաքակրթական ինչ կողմնորոշում ու կարգավիճակում ենք, ովքեր են մեր հարևաններն ու բարեկամները ու միայն Հայրենիքն է, որ  նման զոհողությունների գնով գոյատևելով, հիշելու է իր զավակներին, ինչպես չեն մոռացվել մեծն Վարդանը, Անդրանիկն ու Մոնթեն... և որպեսզի այս անունների կողքին մշտապես ավելանան նվիրյալները, որովհետև առանց նրանց չի լինելու այդ հայրենիքը:

   Հայկ Չախալյանը մեկն էր նրանցից, ովքեր իրենց էությամբ, այսպես ասած, սինթեզում են հավաքական Վարդանների ու Մոնթեների նվիրվածությունը, կամքն ու արիությունը: Երբ Հայրենիքը վտանգված է, երբ «…հազար դարում հազիվ մարդասպան դարձած …» արյունռուշտ թշնամին հարձակվել է՝ նրանց համար երկընտրանքի, երկմտելու ժամանակ չկա: Եթե ոչ ես, ապա ո՞վ. Ահա սա է անմահություն տանող գիտակցումը, որպիսին հատուկ էր նաև Հայկին:

   Նա բոլորիս նման իր երկրի սովորական քաղաքացին էր ու բոլորիս նման նվիրական կամ սովորական նպատակներ ուներ: Ավարտել էր Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը:

   Պետք չէ վառ երևակայություն ունենալ, չհասկանալու համար, որ հենց ընտրած մասնագիտության մեջ անգամ զգացվում է սերը հայրենիքի, նրա բնաշխարհի հանդեպ: Նա «ժամանակի ոգուն համահունչ» չի ընտրել, ասենք՝ ծրագրավորողի հեշտ ու հանգիստ, անվտանգ ու ֆիզիկական առանձնապես մեծ ջանքեր չպահանջող մի արհեստ, այլ երկրաբանությունը՝ երկիր հայրենին խորությամբ ու համապարփակ ճանաչելու, նրա ներուժն իմանալու ոչ դյուրին մասնագիտությունը: Րաֆֆին՝ մեր մեծ պատմավիպասանը, մի հրաշալի խոսք ունի. «Անհնար է սիրել հայրենիքը՝ առանց նրան ճանաչելու»: Ուրեմն, որքան շատ բան իմանաս հայրենիքիդ մասին, այնքան ավելի կսիրես այն: Իսկ էլ ո՞վ, եթե ոչ երկրաբանը գիտի իր հայրենիքի ամեն մի անկյունն ու ընդերքում եղած նրա հարստությունները:

   Տեսեք, թե պարզ, անպաճույճ խոսքերով ինչպես է բնութագրում Հայկին նրա առաջին աշխատանքային ղեկավարը՝ «ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ Արամ Բաղդասարյանը.

   «Հայկի հետ առաջին հանդիպման ժամանակ արդեն զգացվեց, որ խելացի, բանիմաց անձնավորություն է։ Աշխատանքային գործունեությունը սկսելով որպես առաջատար մասնագետ, 3-4 տարում նա, իր աշխատասիրության և հարցերի պատասխանները գտնելու անսպառ ձգտումի շնորհիվ, դարձավ բաժնի պետ։ Այդ տարիներին մեր ընկերությունում ձևավորվեց երիտասարդ մասնագետների մի խումբ, ովքեր հետագայում դարձան մտերիմ ընկերներ: Դրանում իր մեծ ավանդն ունեցավ նաև Հայկը։

   Նա երբեք որևէ գործ չէր ձեռնարկի, քանի դեռ անհրաժեշտ չափով չէր խորացել դրա էության մեջ, ինչը խոսում էր նրա մտքի վերլուծական և պրպտուն բնույթի մասին: Նա որոշումներ կայացնելիս ինքնուրույն էր, համաձարկ ու նպատակասլաց: Դա վերաբերում էր թե մասնագիտական, թե կենցաղային ամենաբազմազան խնդիրներին։ Պատերազմից մեկ ամիս առաջ նա ՀԱՊՀ «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնում ձևակերպվեց որպես հայցորդ...

   Հանձին Հայկի, մենք կորցրեցինք լավագույն ընկերոջ և հեռանկարային բարձրակարգ մասնագետի։ Նրա հիշատակը և բարի օրինակը մեր սրտերում կմնա հավերժ»։

   2020 թվականի հուլիսից Հայկն աշխատում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքաբանական փորձաքննության բաժնում որպես գլխավոր մասնագետ:

   Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, Հայկը, առանց որևէ մեկին տեղեկացնելու, կամավորագրվեց և մոտ 90 հոգանոց ջոկատի կազմում մասնակցեց Շուշիի պաշտպանությանը։ Որոշ ժամանակ անց, կրկին կամավորական սկզբունքով, այդ ջոկատից ձևավորվեց 24 մարտիկներից կազմված արագ արձագանքման ստորաբաժանում, որը պաշտպանելու էր Բերձոր-Շուշի ճանապարհահատվածը Քարինտակ գյուղը: Նոյեմբերի 4-ին, հերթական կյանքի ու մահու ճակատամարտում, զոհվեցին այս ջոկատի 10 կամավորներ: Նրանց թվում էր նաև Հայկը:

   ՀՀ նախագահի սույն թվականի հունիսի 25-ի հրամանագրով սերժանտ Հայկ Պետրոսի Չախալյանը հետմահու պարգևատրվեց մարտական ծառայության համար մեդալով:

   Այս առթիվ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ հայրենիքի պաշտպանության համար զոհված գործընկերոջ հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, Հայկ Չախալյանի ծնողները, ընկերները, գործընկերները, դասախոսները։

   Լիլիա Շուշանյանը նախարարի և աշխատակիցների անունից երախտիքի խոսքեր հղեց հերոսի ծնողներին և նրանց փոխանցեց փառքով պսակված մեդալը: Որոշվեց նաև ՀՀ ՏԿԵ նախարարության ընդերքաբանական փորձաքննության բաժնի աշխատասենյակը անվանակոչել  Հայկ Չախալյանի անունով:

   Ավելացնենք, որ Հայկը նոր էր բոլորել իր 30-ամյակը:

Հավերժ փառք Հայկին և հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը դրած մեր բոլոր քաջերին:

 

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10