ՅՈՒՐԻ ԱՆԴՐԵՅԻ ԱՂԱԲԱԼՅԱՆԸ
Յու. Աղաբալյանը ծնվել է 1935 թվականին, 1958-ին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լեռնային ֆակուլտետը և նույն տարում աշխատանքի ընդունվել «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտում:
1961-1972 թթ. Յու. Աղաբալյանը աշխատել է Հայաստանի երկրաբանական վարչության համակարգում: Նրա մասնակցությամբ ու ղեկավարությամբ կատարվել են ինժեներական ու գիտական մշակումներով հիմնավորված օգտակար հանածոների մի քանի տասնյակ հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատումներ: Թեկնածուական ատենախոսությունը հաջողությամբ պաշտպանել է 1971թ. Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտում: Այս առթիվ ակադեմիկոս Մ. Ագոշկովը գրում է. «Երիտասարդը օգտակար հանածոների հանքավայրերի գնահատաման գծով թիվ մեկ մասնագետն է»: Հանքավայրերի մշակման լեռնաերկրաբանական պայմանների և միներալային հումքի որակի պահանջների նկատմամբ Յուրի Աղաբալյանի մոտեցումն առ այսօր հաջողությամբ կիրառվում է մետաղական հանքավայրերի գնահատման գործում: «Վնիիգեոլնեռուդ» ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում աշխատելու 11 տարիների ընթացքում ղեկավարել է մի շարք գիտական ու գիտամեթոդական աշխատանքներ և կարողացել է դրսևորվել որպես բարձրակարգ մասնագետ՝ այդ ընթացքում իրականացնելով Լիտվայից մինչև Սախալին ընկած տարածաշրջանների բազմաթիվ հանքավայրերի տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակումներ:
Ճանաչված գիտնականը 1983-ից Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում ստանձնեց «Լեռնային գործ» ամբիոնի ղեկավարությունը, նվիրվեց որակյալ ճարտարագետների ու գիտական աշխատողների պատրաստման գործին: Հետագա տարիներին, զբաղեցնելով պատասխանատու այլ պաշտոններ, նա շարունակեց դասախոսել հարազատ բուհում:
1987-2000 թթ. Յուրի Աղաբալյանը համատեղության կարգով ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագիտական խումբը, որը զբաղվում էր հանրապետության հանքահումքային պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման խնդիրներով: Նա 1995-ից մինչ օրս լեռնային գիտությունների գծով Ռուսաստանի Դաշնության ԳԱ գիտական խորհրդի անդամ էր, Միներալային ռեսուրսների միջազգային ակադեմիայի հայկական կենտրոնի նախագահը:
Հեղինակել է ավելի քան 100 գիտական աշխատանք (այդ թվում՝ 6 մենագրություն), իսկ 2015 թ. Գերմանիայում հրատարակեց «Ընդերքի օպտիմալ յուրացման ընդհանուր տեսություն» ֆունդամենտալ աշխատությունը:
Լավագույն մարդու, ուսուցչի և գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության խորհուրդ