Անցան տարիներ։ Հանրապետության ժողովրդական տնտեսության մեջ տեղի ունեցավ վիթխարի առաջընթաց։ Աննախընթաց զարգացում ապրեց նաև լեռնային արդյունաբերությունը, և դարձյալ անհետաձգելի պահանջ դարձավ հանքային հարստությունները շահագործող ինժեներների պատրաստումը։
Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն, հաշվի առնելով հանրապետության լեռնահանքային արդյունաբերության զարգացման մակարդակը և համապատասխան ինժեներական մասնագիտական կադրերի պահանջը, 1948 թ. հունվարի 14-ին որոշեց 1948/49 ուսումնական տարում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում վերակազմակերպել լեռնային ֆակուլտետ։ Կառավարությանը հանձնարարվեց լուծել ֆակուլտետի մասնաշենքի հարցը։
Թվում էր` ամեն ինչ ընթանում է հարթ հունով, սակայն, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարությունը խնդիրը «յուրովի» լուծեց միայն 1949-1950 ուսումնական տարում` հետևյալ մասնագիտություններով. օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզություն` 25, և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործում՝ 25 ուսանողով, իսկ ահա առանձին լեռնային ֆակուլտետ այդպես էլ չստեղծվեց: Նորաբաց մասնագիտություններով ուսանողների պատրաստման գործի ղեկավարումը հանձնարարվեց հիդրոտեխնիկական ֆակուլտետին:
Հետագայում լեռնային մասնագիտությունների ուսանողության աճը, ինչպես նաև մասնագիտական առարկաների ապահովումը դասախոսներով անհետաձգելի պահանջ դարձրին, այնուամենայնիվ, ստեղծել առանձին դեկանատ և մասնագիտական ամբիոններ։ Դա իրականացավ 1953 թվականի սկզբին։
Նորակազմ լեռնային ֆակուլտետի անդրանիկ դեկան նշանակվեց դոցենտ Ավետիք Տեր Իսրայելյանը (1953թ., մարտ): Նույն ժամանակ ֆակուլտետում կազմակերպվեց երկու ամբիոն. «Երկրաբանություն» ամբիոնի վարիչ նշանակվեց Աշոտ Ասլանյանը (1953 թ. փետրվարի 1), իսկ «Լեռնային գործ» ամբիոնի վարիչ՝ Ալեքսանդր Ներսիսյանը (1953 թ. հոկտեմբերի 27):