Օրերս Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչները (վերջիններիս նախաձեռնությամբ): Միության խորհրդի նախագահ Հայկ Ալոյանի հյուրերն էին Հայաստանում ԻԻՀ առևտրի ներկայացուցիչ Աչպար Կոտարին (նկարում ձախից՝ երկրորդը) և դեսպանության տնտեսական բաժնի պատասխանատու Ռեզա Նուրային (նկարում աջից՝ առաջինը):
Մոտ երկու ժամ տևած զրույցի ընթացքում իրանցի գործընկերների խնդրանքով Հայկ Ալոյանը հանգամանալից ներկայացրեց հանրապետությունում մետաղական հանքարդյունաբերության ուղղությունները, մանրամասներ դրանում ներգրավված ընկերությունների մասին: Պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք այլ հարցերի:
Այնուհետև հյուրերը ներկայացրեցին իրենց հետաքրքրությունների շարժառիթները՝ նշելով, որ լուրջ ակնկալիքներ և հիմքեր ունեն լեռնամետալուրգիայի, իսկ մասնավորապես մետալուրգիական ձեռնարկություն հիմնելու գործում՝ ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցության:
Ըստ նրանց իրենք տիրապետում են մետալուրգիական արտադրության էներգախնայողական արդիական այնպիսի տեխնոլոգիաների, որոնք անպայման կհետաքրքրեն հայ արտադրողին:
Զրուցակիցները խոսեցին նաև այլ ոլորտներում համագործակցելու հեռանկարների և հնարավորությունների մասին:
Սեփ. լրատվություն