Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի որոշմամբ մարտի 22-ը սահմանվել է որպես Ջրի համաշխարհային օր: Այն նպատակ է հետապնդում հասարակության ուշադրությունը հրավիրել երկրագնդի ջրային ռեսուրսների վիճակին ու խնդիրներին:
Այս տարի Ջրի համաշխարհային օրվա թեման է «Ստորերկրյա ջրեր. դարձնելով անտեսանելին տեսանելի»:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը «Ազգային ջրային համագործակցություն» հ/կ-ի հետ միասին այս թեմայով բավականին հետաքրքիր ու ներկայացուցչական միջոցառում էին կազմակերպել: Խրախուսելի էր, որ միջոցառմանը, բացի գիտակրթական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից, ակտիվորեն էին մասնակցում մասնավորապես դպրոցականները, որոնք բավականին համապարփակ տեղեկություններ ունեին երկրագնդի ջրային ռեսուրսների մասին:
Հետաքրքիր և օգտակար միջոցառումը ներածական խոսքով բացեց թանգարանի տնօրեն տիկին Գայանե Գրիգորյանը: Եղան ելույթներ, քննարկումներ, որոնց նպատակն էր մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը բևեռել ջրի անփոխարինելի դերի ու նշանակության, ինչպես նաև եղած ռեսուրսների հոգատար, խնայողական օգտագործման կարևորության վրա:
Սեփ. լրատվություն