Ինչո՞ւ էր անհրաժեշտ դեռևս 50 տարի առաջ ԵրՊԻ-ի կրթական համակարգում ստեղծել նոր ստորաբաժանում` լեռնային ֆակուլտետ, որով էլ, ըստ էության, սկսվում է ներկայիս ՀԱՊՀ-ի ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի պատմությունը: Ինչո՞վ էր դա պայմանավորված, ի՞նչ նախադրյալներ կային դրա համար:
Փորձենք պատասխանել այս հարցերին` մի փոքր հայացք ձգելով անցյալին:
ՖԱԿՈՒԼՏԵՏ… ՄԵԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՎ
Հայաստանը լեռնային երկիր է։ Նրա համեմատաբար փոքր, բայց չափազանց խայտաբղետ տարածքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Դիպուկ է ասված, որ հանքային հարստությունների երկրաբանական ուսումնասիրությունների տեսակետից փոքրիկ Հայաստանը մեծ լաբորատորիա է։
Չնայած դրան՝ դարեր շարունակ բնական այդ հարստությունները մնացել են գրեթե անօգտագործելի: Համենայնդեպս` դրանք ինչպես հարկն է չեն շահագործվել, և դրանց արդյունահանումը գտնվել է խղճուկ վիճակում։ Առաջին համաշխարհա֊յին պատերազմի ավերիչ շրջանում և Հայաստանի առաջին հանրապետության գոյության կարճ տարիներին երկրում համարյա ամբողջովին դադարեց օգտակար հանածոների արդյունահանումը։
Հայաստանի երկրորդ հանրապետության առաջին իսկ տարիներին միջոցառումներ մշակվեցին Զանգեզուրի և Ալավերդու պղնձի արդյունաբերության վերականգնման ուղղությամբ։ Կան վիճակագրական տպավորիչ փաստեր. 1925 թվականին այդ ձեռնարկություններում արդեն աշխատում էր 2000 բանվոր, 1928 թվականի համեմատությամբ 1932 թվականին պղնձի արտադրությունն աճեց 191, 1945 թ` 324 և 1948 թ` 427 տոկոսով։ Մեծ չափերով աճեց նաև մյուս հանքային հանածոների արդյունահանումը։
Քանի դեռ լեռնային արդյունաբերությունը Հայաստանում, այնուամենայնիվ, գտնվում էր ոչ բարձր մակարդակի վրա, ինժեներատեխնիկական կադրերի հարցր լուծվում էր դրսից հրավիրված մասնագետների, ինչպես նաև Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումի շրջանավարտների միջոցով։
1934 թվականին Երևանի պետական համալսարանում երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետի ստեղծումը կարևոր նշանակություն ունեցավ հանրապետության հարուստ ընդերքի ուսումնասիրության և նորանոր հան֊քավայրերի հայտնաբերման համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու տեսակետից։
Պարզ է` հետախուզող երկրաբանների հայտնագործությունները ներդնելու համար անհրաժեշտ էին օգտակար հանածոների հանքավայրերը շահագործող լեռնային ինժեներներ։ Ելնելով դրանից`1937 թ. սեպտեմբերին պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվեց լեռնային ֆակուլտետ` հայկական և ռուսական սեկտորներով, որտեղ ընդունվեց 60 դիմորդ։ Դժբախտաբար, այն գործեց ընդամենը մեկ ուսումնական տարի։