ՄԵՂԵՍԻԿ
Արծվի այս հրաշագեղ արձանը պատրասվել է մեղեսիկից (ամետիստ):
Մեղեսիկը քվարցային բազմազանություն է: Քիմիական բանաձևն է SiO2:
Այն սովորաբար հանդիպում է բյուրեղաբույլ և կանոնավոր խոզանակների տեսքով:
Մեր տեղեկանքը
Ավանդազրույցներում հայտնի է նաև «սթափության քար» անվանումով:
Բնության մեջ առավել տարածված հանքանյութերից կվարցի ամենագեղեցիկ տարատեսակը բաց մանուշակագույն մեղեսիկն է:
Մեղեսիկն անվանում էին «առաքելական», քար, որը նվիրված է ավետարանիչ Մատթեոսին: Հնում համարում էին, որ մեղեսիկը պահպանում է հարբեցողությունից, իսկ եղանակի փոփոխության ժամանակ՝ փոխում է գույնը: Այս հատկանիշը բացատրվում է նրանով, որ, ի տարբերություն մյուս կվարցների, մեղեսիկն ունի թաքնված կառուցվածք, ինչպես ագաթը:
Մեղեսիկի գույները միատարր չեն. հանդիպում են մուգ մանուշակագույնից մինչև ծիրանագույններ: Այդ քարը հիանալի նվեր է սիրեցյալին, հաղորդում է եռանդ, վանում է հիմար մտքերը, պարգևում երջանիկ երազներ, պահպանում չարից:
15-րդ դարի հայ բժիշկ, բառարանագիր, մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին մեղեսիկի մասին գրում է. «Սա մանուշակագույն կարմրավուն երանգով քար է: Հանքերը Մեդինայից երեք օրվա ճանապարհի վրա են:
Եթե նրանից գավաթ պատրաստեք ու խմեք գինի, ապա չեք հարբի, որքան էլ որ մեծ լինի թասը: Իսկ եթե մարդն իր մոտ պահի այդ քարը, ապա կազատվի հոդացավից: Իսկ եթե քնելուց առաջ այն դնի իր մահճի տակ, ապա կազատվի սատանայական գայթակղություններից»:
Հ.Գ.
Տեղեկությունները վերցված են Կորյուն Պապինյանի «ՁԵՐ ԹԱԼԻՍՄԱՆԸ» գրքից