Սիսիանում վերաբացվել է քարի վերամշակման գործարան՝ մինչև տարեվերջ ակնկալվում է 100 աշխատատեղ

   Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում վերաբացվել է «VH Stone» քարի վերամշակման գործարանը, որը պատկանում է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

   Արտադրամասի վերաբացման ժամանակ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը ողջունելով հյուրերին՝ կառավարության անդամներ, մարզի պատգամավորներ, համայնքի և մարզի ներկայացուցիչներ, կարևորեց գործարանի բացումը, ոչ միայն Սիսիան քաղաքի, ԶՊՄԿ-ի աշխատակիցների, այլ  նաև անձամբ իր համար:

   «Ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին, 2015թ-ից պատկանում է  ԶՊՄԿ-ին, իսկ  2019թ-ից շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել էր գործունեությունը։ Այս տարի ԶՊՄԿ-ի նոր ղեկավարությունը ռազմավարական որոշում է կայացրել վերագործարկել այն՝ հաշվի առնելով ընկերության նշանակությունը Սիսիանի համար: Մենք կարծում ենք, որ  բացի սոցիալական օգնության ծրագրերից`  պետք է նոր աշխատատեղեր,  նոր արտադրություն բացել, ինչը  կարևոր է  քաղաքի, նաև հանրապետության համար,- ասաց նա և հավելեց, որ պետք է ոչ միայն բարեգործական ծրագրեր անել,  այլև բնակչությանը ներգրավել արտադրության մեջ:

   Ռ. Խուդոլիյը տեղեկացրեց, որ այս պահին արտադրությունում աշխատում է  40 մարդ, թողարկում են շուրջ 2 500 քմ արտադրանք՝ բազալտ, մարմար, և այլն քարեր: Մտադիր են մեծացնել աշխատողների թիվը 3 անգամ, մեկից մեկուկես տարվա ընթացքում  2 500  քմ.-ից արտադրանքը  հասցնել  6 000քմ.-ի:

   Նշեց նաև, որ այս պահին արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Հարավային Կորեա, Չեխիա. աստիճանաբար արտահանման  աշխարհագությունը կընդլայնվի քանի որ  արտադրանքը շատ պահանջված է:

   «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահը հատուկ ընդգծեց, որ Մատենադարանի նոր շենքը կառուցված է հենց այս գործարանի արտադրանքով, ինչը  խոսում է  արտադրանքի որակի մասին:

   Տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին շնորհավորեց ներկաներին՝ արտադրամասի բացման առթիվ և կարևորեց գործարանի դերը տարածաշրջանի համար: 

   Նախարարը շեշտադրեց,  հատկապես, նոր աշխատատեղերի բացումը, որը կլուծի տեղացիների սոցիալական խնդիրները:

   «Այս գործի մեջ  ներգրավված մեր լավագույն գործընկերներից  «Գերոպրոմայնինգ» ընկերության հետ Հայաստանում տարբեր ծրագրեր ունենք, որոնք բոլորն էլ հաջողությամբ են ընթանում»,- ասաց նախարարը և հավելեց, որ այս   արտադրամասը որակյալ արտադրանք է տալիս և կարևորեց  արտահանումը՝  որը նոր շուկաներ կբացի հայկական որակյալ քարի արտադրության համար:

   Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ողջունելով հյուրերին՝  շնորհակալություն  հայտնեց ԶՊՄԿ-ին՝ Սիսիանում աշխատատեղեր ստեղծելու համար:

   «Հատկապես սուբվենցիոն ծրագրերի սրընթաց աճի պարագայում էական է մարզում ունենալ նման արտադրություն․ հայտարարվեց 40 աշխատատեղի մասին, բայց վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո կխոսենք արտադրանքի ծավալների կրկնապատկման ու եռապատկման մասին։ Շնորհավորում եմ սիսիանցիներին,  որովհետեւ այս արտադրության դրական ազդեցությունը համայնքի զարգացման վրա  զգալի է լինելու։ Արտադրամասի վերաբացումը կարեւոր է հատկապես այս օրերին ու հատկապես`Սյունիքում», - նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

   Լրագրողների հետ զրույցում «VH Stone» քարի վերամշակման գործարանի փոխտնօրեն Տիգրան Գրիգորյանը նշեց, որ գործարանը 20 տարուց ավելի պատմություն ունի և վերջին 3 տարում  չի աշխատել բազմաթիվ օբյետիվ և սյուբյետիվ պատճառներով: Ընկերությունն վերագործարկվում է  առկա ռեսուրսներով՝ վերականգնելով նախկին հոսքագծերը, սարքավորումները, որոնք ավարտված չեն և ունեն բավականին ռեսուրս:

   «Վերականգնվել և կարգաբերվել են հոսքագծերը, իսկ 2023-ին նոր գործիքների ձեռքբերման ծրագրեր կան: Հիմնականում արտադրում ենք գրանտիե, բազալտե սալիկներ,  կոշտ և փափուկ քարերից սալիկներ: Երկրորդային արտադրանք ունենք. սալիկներից առաջացած թափոնները վերամշակում ենք այլ արտադրանքի՝ եզրաքարեր, շինարարական քարեր և այլն»,- ընդգծեց Տ. Գրիգորյանը հավելելով, որ Հայաստանում ևս  մեծ հետաքրքրություն  կա իրենց արտադրանքի նկատմամբ:

   Ինչ վերաբերում է  աշխատավարձերին, ապա հաղորդեց, որ այս պահին միջին աշխատավարձը 200 000 դրամ է, արտադրանքի ավելացմանը զուգընթաց՝ կհասցնեն մինչև 250 000-300 000 դրամի: 

   Տ. Գրիգորյանի խոսքով, գործարանը վերամշակում է նաև  Շաքիի բազալտի, Անգեղակոթի համայնքում գտնվող   և Հայաստանի տարբեր շրջանների հանքավայրերի քարերը.  օրինակ մեծաբեկոր տրավերտինը բերում են  Արարատյան դաշտից, Կապանից բերում են բոլորին անծանոթ մարմար և այլն:

 Նյութի աղբյուրը՝ ejc.am

 

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10