Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը

2022 թվականի սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտվեց Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը. ամբողջությամբ մարվեցին ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն ԱՄՆ դոլար և 2.5 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Ամերիաբանկը հանդես էր եկել որպես ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող՝ այդպիսով հերթական անգամ կյանքի կոչելով ՀՀ տնտեսության, մասնավորապես` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը:

«ԶՊՄԿ-ի պարտատոմսերի ծրագիրը թողարկման ծավալների և ներդրողների մասնակցության տեսանկյունից աննախադեպ նախաձեռնություն էր ՀՀ կապիտալի շուկայի համար:  Այս գործարքը ցույց տվեց, որ պարտատոմսերի շուկան ունակ է բավարարել ՀՀ ընկերությունների ֆինանսավորման պահանջները: Դրա մասին են փաստում նաև Ամերիաբանկի կողմից Հայաստանում պատմականորեն իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումները: Վստահ ենք, որ ԶՊՄԿ-ի պարտատոմսերի հաջողված ծրագիրը տեղական ընկերությունների համար կդառնա ուղենիշ՝ կապիտալի այլընտրանքային աղբյուրներից ֆինանսավորում ներգրավելու  համար»,- նշում է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

3 տարի առաջ Ամերիաբանկն իր ներդրումային ծառայությունների շրջանակում հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխեց ԶՊՄԿ պարտատոմսերը, որոնց ծավալները մոտ հինգ անգամ գերազանցում էին ՀՀ արժեթղթերի շուկայում նախկինում իրականացված կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխման ծավալները: Պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերվեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների կողմից: Տեղաբաշխմանը մասնակցեցին այնպիսի հեղինակավոր միջազգային հաստատություններ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, Եվրասիական զարգացման բանկը: 

Տեղական շուկայում մասնակցությունը չսահմանափակվեց միայն ինստիտուցիոնալ ներդրողների շրջանակով (ֆոնդի կառավարիչներ, բանկեր). բազմաթիվ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան իրենց խնայողությունները ներդնել բարձր եկամտաբերություն ապահովող ֆինանսական գործիքներում:

Առաջնային տեղաբաշխումից հետո ԶՊՄԿ պարտատոմսերը ցուցակվեցին և թույլատրվեցին առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում: Ամերիաբանկը դարձավ պարտատոմսերի շուկա ստեղծողը՝ ապահովելով երկրորդային շուկայում գործարքների ակտիվությունը:

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10