Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամները քննարկեցին ոլորտի առաջ ծառացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

 
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվեցին ոլորտի առաջ ծառացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:  Միության նորընտիր նախագահ Վարդան Ջհանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ոլորտի խնդիրները շատ են, սակայն առանձնացրեց դրամի արժևորման խնդիրը, ինչի պատճառով շատ կազմակերպություններ կանգնել են լինել-չլինելու հարցի առջև:
 

«Քանի որ կազմակերպությունների ծախսային մասը մեծամասամբ դրամային է, դրամի ամրապնդումը բերում է նրան, որ ծախսային մասը զգալի ավելացել է նախորդ տարվա համեմատ: Իսկ արտահանող կազմակերպությունների հասույթը մեծամասամբ արտարժույթով է, այսինքն՝ մնում է  դոլարային նույն ֆիքսված արժույթով հասույթը, իսկ ծախսայինը, որը դրամային է, ավելանում է, ինչը բերում է շահութաբերության նվազման»,-ասաց Ջհանյանը:

  

Նա նշեց, որ ոլորտի խնդիրներից է նաև իրենց աշխատանքի ճիշտ ներկայացումը հանրությանը: «Հայաստանի անկախությունից ի վեր պետությունը այլևս չի հանդիսանում սեփանականատեր, և ոլորտը հանրության կողմից ընդունվում է ոչ այնպես, ինչպես կա, ինչի հետևանքով հանրությունը բացասական է տրամադրված»,-ասաց  Ջհանյանը՝ հավելելով,  որ հանքարդյունաբերությունը, լինելով խոշորագույն ոլորտ, հիմք է հզոր պետականության, հզոր բանակի և հզոր ապագայի համար:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» անդամ Արթուր Նիկողոսյանի կարծիքով միությունը պետք է շատ ակտիվ գործունեություն ծավալի` միավորելով ոլորտի բոլոր ընկերություններին թե բոլոր խնդիրները առաջ քաշելու, թե հանրությանը ներկայացnելու ոլորտի դերը Հայաստանի տնտեսության մեջ:

«Արդեն 6-7 ամիս է՝ մետաղների գները նվազում են: Մնացած խնդիրները մշտապես քննարկվում են կառավարության հետ, փորձում ենք բոլոր հարցերին լուծում տալ: Հանքարդյունաբերության ոլորտի արտադրությունը սպառման խնդիր չունի, ոլորտի զագացման համար կայուն գներ են պետք, ինչը թույլ կտա, որ ընկերությունները եկամտաբեր լինեն: Պետք է լինեն պարզ և հստակ օրենքներ»,-նշեց  նա:

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում ընտրվեցին միության խորհրդի հինգ և  վերստուգիչ հանձնաժողովի երեք անդամներ:

Միության հասարակայնության հետ կապերի տնօրեն ընտրվեց Սուսաննա Մարտիրոսյանը, ում ջանքերով հանրությանը կներկայացվի միության և վերջինիս կազմում ընդգրկված կազմակերպությունների գործունեությունը, վեր կհանվեն խնդիրները:

Արտահերթ ժողովում որոշվեց միության անդամ ընկերություններին հուզող բոլոր հարցերը հավաքագրել և ներկայացնել կառավարությանը:

 

Հեղինակ` Անի Դանիելյան

Օպերատոր` Հայկ Բարսեղյան

Ֆոտոռեպորտաժ
Վիդեոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10