Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (ԱՃԹՆ)

Ի˚նչ է այն

   Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում է ավելի քան 50 երկիր։ ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները, մասնավորապես, ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այս գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովվում տնտեսության մեջ՝ ներառյալ զբաղվածության աճը:
ԱՃԹՆ-ի նպատակը ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական և գործարար համակարգերի ստեղծումը, ինչպես նաև հանրային երկխոսության կայացումը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխընբռնումը:
   Նախաձեռնությանը միացած յուրաքանչյուր երկրում ԱՃԹՆ-ն իրականացվում է կառավարության, արդյունահանող ճյուղերի գործարար հատվածի կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոալիցիայի միջոցով:

   Տեղեկացնենք, որ մեր երկրում ևս վերջին շրջանում գործնական լուրջ քայլեր են արվում ԱՃԹՆ-ին միանալու ուղղությամբ, որոնցից են կառավարության հայտարարությունը երկրում ԱՃԹՆ-ի ներդրման հանձնառությունն ստանձնելու մասին, ԱՃԹՆ-ի ներդրումն ապահովող (համակարգող) պատասխանատու պաշտոնատար անձի նշանակումը, կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ձևավորումը, որը վերահսկելու է ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը և ԱՃԹՆ բազմաշահառու խմբի կողմից ԱՃԹՆ-ի խորհրդով հաստատված վավերացման վերջնաժամկետներին և պահանջներին համապատասխան աշխատանքային ծրագրի կազմումն ու իրականացումը։ 

   ԱՃԹՆ-ի  սկզբունքներին հանքարդյունահանողների ներկայացուցիչներին ծանոթացնելու, նրանց տեսակետներն ու առաջարկությունները լսելու, դրանք համակարգելու և աշխատանքային ծրագրում ընդգրկելու համար ԱՃԹՆ բազմաշահառու խումբն իր նիստի համար որպես հարթակ ընտրեց  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Այս ձևաչափով օրերս աշխատանքային խումբը  ընդլայնված հանդիպում էր հրավիրել, որի ընթացքում հանգամանալից ներկայացվեցին իրականացված աշխատանքի արդյունքները, առաջիկայում նախատեսված անելիքները։

   Որպեսզի ընդերքօգտագործողների ավելի լայն շրջանակներին հասանելի լինեն խմբի կողմից կատարված և նախանշված աշխատանքները, դրանք ներկայացվում են մեր կայքէջում, ինչպես նաև ձեռնարկություններին կտրամադրվեն նրանց էլեկտրոնային հասցեներով, այն նպատակով, որ հանքագործները ակտիվորեն ներգրավվեն այս կարևոր գործընթացում, արտահայտեն իրենց կարծիքներն ու տեսակետները, ներկայացնեն իրենց առաջարկությունները, որպեսզի ԱՃԹՆ անդամակցությունն առավել շահեկան դառնա ինչպես բոլորի, այնպես էլ ընդհանուր ոլորտի զարգացման համար։

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64