Տարեմուտի նախաշեմին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հյուրընկալեց հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին։ Արդեն ավանդական դարձած այս միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրինությունը: Նախարարը շնորհակալություն հայտնեց ոլորտի ներկայացուցիչներին՝ դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար, շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով առողջություն, երջանկություն և հաջողություններ:
-Ընդերքն այն եզակի ոլորտներից է, որն ունի զարգացման վիթխարի ներուժ: Վստահ եմ, որ 2017 թվականին կկարողանանք այդ ներուժն ամբողջությամբ իրացնել, ընդերքի ոլորտը դարձնել այն շոգեքարշը, որն էներգետիկայի հետ համատեղ մեր երկրի տնտեսությունը կքաշի դեպի զարգացում և առաջընթաց։ Կառավարության ծրագրերը ընդերքի ոլորտի հետ կապված իսկապես հավակնոտ են, և մենք պարտավոր ենք իրականացնել մեր առջև դրված պարտականությունները, - ասաց Աշոտ Մանուկյանը:
Այնուհետև «Հայաստանի Հանրապետության ընդերքի բնագավառում նշանակալի ավանդի համար» նախարարության հուշամեդալով խրախուսվեցին երկրաբան, կենսաթոշակառու Ալբերտ Մաթևոսյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի էքսկավատորավար Արամայիս Համբարձումյանը, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի լեռնային տեղամասի պետ Պավլիկ Խաչատրյանը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լեռնային արտադրամասի հորատման հաստոցի մեքենավար Գրիգոր Օհանջանյանը:
Հանքամետալուրգիայի ոլորտի աշխատողներին ողջունեց և գալիք տոների առթիվ շնորհավորեց նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը: Նա նաև Միության ոսկե մեդալով պարգևատրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Օգտակար հանածոների պաշարների գործակալության բաժնի պետ Հրանտ Ավետիսյանին:
Հանդիպմանը ելույթ ունեցավ և բուհ-արտադրություն սերտ համագործակցության կարևորությունն ընդգծեց ՀԱՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը: