ԲՈՒՀ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ

Օրերս ՀԱՊՀ ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը իրավացիորեն կարելի է շրջադարձային կամ, ավելի շուտ՝ բեկումնային համարել բուհ-արտադրություն հարաբերություններում:

Հանրապետության տնտեսությունում որպես գերակա ճյուղերից մեկը հայտարարված հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն կազմակերպություններից <<Վալլեքս գրուպի>> նախագահ Վալերի Մեջլումյանը, ցանկություն հայտնեց ավելի մոտիկից ծանոթանալ երկրի համար լեռնային և մետալուրգիական մասնագիտությունների գծով ինժեներներ պատրաստող միակ բարձրագույն ուսումնական հաստատությանը՝ Պոլիտեխնիկի մասնագիտական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ, լսել նրանց տեսակետներն ու առաջարկությունները, ինչպես նաև ներկայանալ, ինչպես ասում են՝ լինել անկեղծ ու թափանցիկ: Հիշեցնենք, որ այս կազմակերպությունն իր մեջ ներառում է ոլորտի չորս խոշոր ընկերություններ:

Հանդիպումն անցավ ակնհայտ հետաքրքիր և վեր հանեց այն բոլոր խնդիրներն ու բացերը, որոնց համատեղ լուծում գտնելը կարող է շահեկանորեն անդրադառնալ թե բուհի և թե ոլորտի զարգացման հեռանկարների վրա:

Այն, որ երկուստեք մեծ նշանակություն են տալիս նման շփումներին, խոսում էր թեկուզ կողմերի ամենաբարձր մակարդակի ներկայացուցչական կազմը: Հանդիպմանը եկել էին ընկերությունների բոլոր գլխավոր տնօրենները՝ Վալլեքս խմբի նախագահ, <<Թեղուտ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Մեջլումյանի գլխավորությամբ: Ներկա էին Արցախի հանքարդյունաբերական ոլորտի առաջատար <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, Ալավերդու պղնձաձուլական կոմբինտի տնօրեն Լուսինե Մեջլումյանը, Լեռնամետալուրգիայի ինստիտուտ>> ՓԲԸ տնօրեն Սահակ Արզումանյանը և ղեկավար ու մասնագիտական կազմի առաջատար ներկայացուցիչներ: Հյուրերին նախ ընդունեց ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնություն հանդես բերելու համար, նա երկրի տնտեսական զարգացման ներկա փուլում խիստ կարևորեց բուհ-արտադրություն նպատակային համագործակցությունը:

 Երկխոսությունը շարունակվեց ՀԱՊՀ ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետում, որտեղ ներկա էր պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, ուսանողներ, ասպիրանտներ: Ողջունելով հյուրերին դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը հույս հայտնեց, որ միջոցառումը բխում է ոլորտի զարգացման հեռանկարներից և միտված է հաղթահարելու ժամանակի մարտահրավերները, որոնց այսօր խիստ առարկայորեն բախվել է թե հանքամետալուրգիայի ոլորտն ընդհանրապես և թե այդ բնագավառի համար մասնագետներ պատրաստող բուհը մասնավորապես:

-Այս տեսակետից,-ասաց նա,- վերլուծելով լեռնային ինժեներներ և մետալուրգներ պատրաստող մեր ֆակուլտետի ներուժն ու Վալլեքս խմբի ընկերությունների հնարավորությունները, ուզում ենք ներկայացնել արտադրություն-բուհ համագործակցության մեր տեսլականը, որով առաջնորդվելով, մեր համոզմամբ, հնարավոր կլինի իրական քայլեր ձեռնարկել և համեմատաբար կարճ ժամանակահատվածում լրջագույն արդյունքներ ունենալ:

Այնուհետև Վ. Մեջլումյանը հանգամանալից ներկայացրեց հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի ներկա ժամանակի խնդիրներն ու հեռանկարները, անդրադարձավ երկրի զարգացման գործում նրա դերին ու նշանակությանը, որում կարևորեց նաև ինժեներական բարձրորակ մասնագետների պատրաստման կարևորությունը, որն իրականացնում է ՀԱՊՀ ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետը: Այս մասին իրենց մոտեցումներն արտահայտեցին նաև թե արտադրության ղեկավարները, թե բուհի դասախոսներն ու ուսանողները: Շուրջ  երեք ժամ տևած հանդիպումն անցավ կառուցողական խոսակցության և փոխըմբռման պայմաններում:

Նշենք, որ մինչ այս ֆակուլտետի կոլեկտիվը պատրաստել և արտադրողներին էր ներկայացրել համագործակցության այն կոնկրետ ուղղությունները, որոնց իրականացման արդյունքում հնարավոր է ակնկալել իրական արդյունքներ:

 Ներկայացնենք դրանցից կարևորները.

ա. Մինչև ուսումնական նոր տարվա սկիզբը ուսումնասիրել և դրա արդյունքում կազմակերպել արտադրությունում աշխատող մասնագետ կադրերի վերապատրաստման տարբեր ձևաչափերի դասընթացներ /հեռակա, առկա, բուհում կամ արտադրությունում/. դրանց արդյունքները կամփոփվեն հենց արտադրական գործընթացում և կտրվեն հավաստագրեր,

բ. Նախապատրաստել բուհի ուսանողների արտադրական պրակտիկաների անցկացման ժամանակացույց, այն հաշվարկով, որ դրանց արդյունքները նույնպես կստուգվեն և կգնահատվեն անմիջապես արտադրությունում: Ուսանողի առաջադիմությունը գնահատելիս  մեծ նշանակություն տալ արտադրությունում ընդգրկված մասնագետների կարծիքներին: Այս նույն հիմունքներով ապահովել արտադրության մասնագետների ներգրավվածությունը ավարտական հանձնաժողովներում:

գ. Գաղտնիք չէ, որ ուսումը առանց գործնական, դիդակտիկ-փորձարարական հնարավորությունների զուգորդման չի կարող լիարժեք լինել, առավել ևս հանքամետալուրգիայի ոլորտի համար, ուստի ցանկալի ու անհրաժեշտ ենք գտնում նյութագիտության ամբիոնի ուսանողների համար ստեղծել համապատասխան լաբորատորիա:

դ. Առաջնակարգ բուհերի բազմամյա փորձը վկայում է, որ մասնագետների նպատակային պատվիրումը առավել արդյունավետ է գործում, երբ գոյություն ունի համատեղ մշակված ու խստագույնս վերահսկվող պայմանավորվածություն: Այս տեսակետից առաջարկում ենք միջին մասնագիտական ծրագրով օժանդակ և ոլորտի գծով բանվորական մասնագետների պատրաստման /լեռնային ինժեներ, մետալուրգ, քիմիկ, խառատ, եռակցող, փականագործ, էլեկտրիկ, մեխանիկ և այլն/ կարճաժամկետ դասընթացներ:

ե. Մինչև ուսումնական նոր տարին մշակել նպատակային  տեղերի ամրագրման ծրագիր, ըստ որի ոլորտի ձեռնարկություններն իրենք են գործուղում իրենց համար անհրաժեշտ մասնագիտությունների գծով կադրերին բակալավրական և մագիստրոսական կրթություն ստանալու: Այստեղ ևս անհրաժեշտ կլինի ապահովել անաչառ գնահատում և որակավորում՝ թե ուսանողի և թե դասախոսի աշխատանքի նկատմամբ կիրառելով վերահսկման և խրախուսման արդյունավետ տարաբնույթ մեթոդներ:

Բուհ-արտադրություն կապն ամրապնդելու և առավել գործնական ու նպատակային համագործակցության հիմքերի վրա դնելու համար պատրաստ ենք նաև կազմակերպել ուսանողության և դասախոսական անձնակազմի հետ արտադրության ղեկավարների, գլխավոր մասնագետների կողմից անցկացվող նպատակային դասախոսություններ, որտեղ առարկայորեն կներկայացվեն արտադրության առջև ծառացած ժամանակի մարտահրավերներն ու կրթական համակարգի դերակատարումը դրանց դիմակայելու գործում:

Հ.Գ.

Համագործակցության հուշագրի կնքման նախադեպ բուհն արդեն իսկ ունեցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության հետ, որին որպես երրորդ կողմ մասնակցեց նաև  Հայաստանի հանքագործների և մետալուրգների  միությունը, ուստի ցանկալի կլինի, եթե այս դեպքում ևս համագործակցության եզրերն ու պայմանները վավերացվեն համատեղ հուշագրով, որի հետագա ընթացքը կարտացոլվի Միության էլեկտրոնային լրատվամիջոցում և լավ օրինակ կդառնա մյուս ձեռնարկությունների համար:

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64