ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԱՃԹՆ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ

Օրերս ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը միջոցառում էր կազմակերպել նվիրված Հայաստանի Հանրապետությունը արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու անդամ երկիր դառնալուն: Ելույթ ունենալով ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանն ասաց. «Մեզ համար կարևորը հավասարակշռության այն բանաձևը գտնելն է, որով կստեղծվի բոլորի համար թափանցիկ և արդյունավետ կառավարվող դաշտ, կներգրավվեն ներդրումներ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ՝ միջազգային լավագույն փորձի և ստանդարտների կիրառմամբ»: «Խնդիրն ավելի հստակ ձևակերպելով՝ առաջիկա մեկ ու կես տարվա ընթացքում պետք է ունենանք Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ՝ ԱՃԹՆ ստանդարտին համապատասխան զեկույցով և հասարակությանը հասանելի ամբողջական ու մատչելի տեղեկատվությամբ: Իսկ որպես հեռանկարային նպատակ՝ հարթակը կարող է ծառայել նաև ԱՃԹՆ ստանդարտի պահանջներից դուրս՝ որպես միջազգային լավագույն փորձի և պատասխանատու հանքարդյունաբերության գաղափարն ամրապնդող ներուժ Հայաստանում», - ավելացրեց վարչապետը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով համակարգում է այս ամբողջ գործընթացը, իր ելույթում կարևորեց EITI/ԱՃԹՆ ստանդարտի ներդրումը, նշելով, որ այն հնարավորություն կտա ավելի լայն և ինստիտուցիոնալ հիմքով ապահովել ՀՀ քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը հանքարդյունաբերության ոլորտում, որի առնչությամբ առկա է սահմանադրական կարևոր դրույթ՝ ընդերքը պետական սեփականություն է:

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, Միացիալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը և Համաշխարհային բանկի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը և բազմաշահառու խմբի անդամները: Միջազգային գործընկերները վերահաստատել են Հայաստանում ԱՃԹՆ ներդրման գործընթացին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Այս թեմայով կարդալ նաև.

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (ԱՃԹՆ)

Ի˚նչ է այն

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում է ավելի քան 50 երկիր։

ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները, մասնավորապես, ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այս գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովվում տնտեսության մեջ՝ ներառյալ զբաղվածության աճը:
ԱՃԹՆ-ի նպատակը ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական և գործարար համակարգերի ստեղծումը, ինչպես նաև հանրային երկխոսության կայացումը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխընբռնումը:
Նախաձեռնությանը միացած յուրաքանչյուր երկրում ԱՃԹՆ-ն իրականացվում է կառավարության, արդյունահանող ճյուղերի գործարար հատվածի կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոալիցիայի միջոցով:
Ստանդարտն ապահովվում է ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից:

Նախաձեռնությանը միանալն օգտակար է թե իրականացնող երկրի, թե հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների և ներդրողների և թե քաղաքացիական հասարակության համար։

ԱՃԹՆ-ին միանալու քայլերը

• Կառավարության հայտարարությունը երկրում ԱՃԹՆ-ի ներդրման հանձնառությունն ստանձնելու մասին
• ԱՃԹՆ-ի ներդրումն ապահովող (համակարգող) պատասխանատու պաշտոնատար անձի նշանակում
• Կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ձևավորում, որը վերահսկելու է ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը
• ԱՃԹՆ բազմաշահառու խմբի կողմից ԱՃԹՆ-ի խորհրդով հաստատված վավերացման վերջնաժամկետներին և պահանջներին համապատասխան աշխատանքային ծրագրի կազմում և իրականացում։ 

ԱՃԹՆ-ի 12 սկզբունքներին հանքարդյունահանողների ներկայացուցիչներին ծանոթացնելու, նրանց տեսակետներն ու առաջարկությունները լսելու, դրանք համակարգելու և աշխատանքային ծրագրում ընդգրկելու համար ԱՃԹՆ բազմաշահառու խումբն իր նիստի համար որպես հարթակ ընտրեց  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։

1. Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումը պետք է լինի տնտեսական կայուն աճի կարևոր շարժիչներից, որը նպաստում է կայուն զարգացմանը և աղքատության կրճատմանը, իսկ սխալ կառավարման դեպքում կարող է հանգեցնել բացասական տնտեսական և սոցիալական հետևանքների:
2. Մենք հաստատում ենք, որ բնական պաշարների կառավարումն ի նպաստ երկրի քաղաքացիների համարվում է ինքնիշխան կառավարությունների պարտականությունը, որը պետք է իրականացվի՝ ելնելով երկրի ազգային զարգացման շահերից:
3. Մենք ընդունում ենք, որ պաշարների արդյունահանման օգուտներն արտահայտվում են տարիների եկամտային հոսքերով և մեծապես կախված են գներից:
4. Մենք ընդունում ենք, որ ժամանակի ընթացքում հանրության կողմից կառավարության ծախսերի և եկամուտների ընկալումը կարող է օժանդակել հանրային երկխոսությանը և կայուն զարգացման իրատեսական տարբերակների տեղեկացված ընտրությանը:
5. Մենք կարևորում ենք կառավարությունների և արդյունահանող ճյուղերի կազմակերպությունների աշխատանքների թափանցիկությունը և հանրային ֆինանսների կառավարման և հաշվետվողականության բարելավման անհրաժեշտությունը:

Մենք ընդունում ենք, որ ավելի մեծ թափանցիկության ապահովումը պետք է իրականացվի օրենքների և պայմանագրային իրավունքի նկատմամբ հարգանքի համատեքստում:
7. Մենք գիտակցում ենք, որ ֆինանսական թափանցիկությունը կարող է հանգեցնել ներքին և արտաքին ուղղակի ներդրումների համար միջավայրի բարելավմանը:
8. Մենք ընդունում ենք կառավարության կողմից եկամուտների հոսքի և հանրային ծախսերի կառավարման բոլոր քաղաքացիների առջև հաշվետվողականության սկզբունքն ու դրա կիրառումը:
9. Մենք հանձնառու ենք հասարակական կյանքի, կառավարության գործունեության և գործարարության թափանցիկության և հաշվետվողականության բարձր ստանդարտների պահպանմանը:
10. Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է հեշտ կիրառելի՝ վճարների և եկամուտների բացահայտման հետևողական և իրագործելի մոտեցում:
11. Մենք հավատում ենք, որ վճարումների բացահայտումը պետք է իրականացվի տվյալ երկրում գործունեություն ծավալող բոլոր արդյունահանող կազմակերպությունների ներգրավմամբ:
12. Լուծումներ փնտրելիս՝ մենք հավատում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ կառավարությունը և պետական գործակալությունները, արդյունահանող կազմակերպությունները, ծառայություն մատուցող կազմակերպությունները, բազմակողմ կազմակերպությունները, ֆինանսական կազմակերպությունները, ներդրողները և հասարակական կազմակերպությունները պետք է ունենան զգալի և համարժեք ներդրում:

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64