Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում մշակվում է ոլորտի ընկերությունների հետ համագործակցության նոր ռազմավարություն, որն ավելի արդյունավետ կարող է դարձնել հասարակական կազմակերպության դերակատարությունը թե առանձին վերցված ընկերությունների և թե ընդերքի շահագործման ընդհանուր իրավիճակի բարելավման գործում: Այս ուղղությամբ տարվող աշխատանքների համատեքստում տեղի ունեցավ հանդիպում մատակարար ընկերությունների ղեկավարների և պատասխանատուների հետ:
Միության նախագահ Հայկ Ալոյանը ներկայացրեց կազմակերպության նոր հայեցակարգի մշակման ելակետային դրույթները, որտեղ առաջնային պլան է մղվում Միություն-անդամ կազմակերպություններ փոխշահավետ համագործակցության սկզբունքը: Սա նշանակում է, որ Միության գործադիր մարմնի աշխատանքի առանցքում լինելու են նրա անդամների կոնկրետ խնդիրներին լուծումներ գտնելուն միտված քայլերը, դրանց արդյունքների մասին ամենամյա հաշվետվողականությունը:
Հանքարդյունաբերության ոլորտին ժամանակակից տեխնիկա մատակարարող ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները, ողջունելով Միության կողմից ձեռնարկած այս քայլը, ուշադրություն հրավիրեցին իրենց հուզող մի շարք խնդիրների և մասնավորապես բանվորական մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի բացակայության փաստին, նշելով, որ այդ համակարգում աշխատողների մասնագիտական վարպետությունը մնացել է խորհրդային ժամանակների մակարդակին, իսկ երիտասարդությունը շահագրգռություն հանդես չի բերում դրանց հանդեպ:
Անդրադառնալով այս կարևոր խնդրին, ՀԱՊՃՀ ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը ափսոսանքով նկատեց, որ այս մասնագիտությունների գծով կադրեր պատրաստող Պոլիտեխնիկի նախկին քոլեջը արդեն երկար ժամանակ չի գործում, այնինչ բուհն ունի ուսուցումը վերակազմակերպելու իրական ներուժ:
Ներկաները քննարկեցին իրենց հուզող առանցքային այլ հարցեր ևս, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդակցությունների այս գործընթացը շարունակել նաև հանքարդյունահանողների հետ, գտնել ոլորտում կուտակված խնդիրները համատեղ լուծելու կոնկրետ ուղիներ:
Որոշվեց նման հերթական հանդիպումն անցկացնել լեռնային ինժեներներ պատրաստող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: