Կնքվեց ևս մեկ եռակողմ հուշագիր
Մայիսի վերջերին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը՝ համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ, եղավ Արցախի Հանրապետությունում: Բուհ- արտադրություն-ոլորտի ձեռնարկությունները համակարգող հասարակական կազմակերպություն համագործակցության եռակողմ հուշագրի ստորագրման արարողակարգի շրջանակներում խումբն այցելեց այնտեղ գործող ՛՛Բեյզ Մեթըլս՛՛ ընկերություն, ծանոթացավ ժամանակակից հանքարդյունաբերության նվաճումներին, հանքագործների առօրյային ու արտադրական գործընթացներին: Կրթական համակարգի ներկայացուցիչները մոտիկից շփվեցին արտադրության մարդկանց հետ, կիսվեցին տպավորություններով ու իմացություններով:
Պատվիրակությանը ընդունեց և նախաձեռնությունը ողջունեց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ում ներկայությամբ էլ հանդիսավորապես ստորագրվեց համագործակցության եռակողմ հուշագիրը: Այն իրենց ստորագրությամբ վավերացրեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՛՛Բեյզ Մեթըլս՛՛ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը:
Արարողակարգի հաջորդ հանդիպումը կայացավ Թեղուտում, որտեղ պատվիրակության մասնակիցներին ընդունեց ՛՛Վալլեքս՛՛ խմբի ընկերությունների նախագահ, ՛՛Թեղուտ՛՛ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը: Ծանոթացնելով ընկերության գործունեությանն ու արտադրական գործընթացներին, Վ. Մեջլումյանը հանգամանալից ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության հետագա ծրագրերին, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
Այնուհետև խումբը հյուրընկալվեց ՛՛Արմենիան քափր փրոգրամ՛՛ ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում: Գլխավոր տնօրեն Լուսինե Մեջլումյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին պղնձի ձուլման տեղամասեր, զրուցեցին արտադրության կազմակերպիչների ու ձուլագործների հետ, ծանոթացան ընկերության անելիքներին ու առաջիկա ծրագրերին: