Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 27-ին, հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017թ. գործունեության ծրագրից բխող հարցեր:
Այլ հարցերի շարքում Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել, մասնավորապես, ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը:
Խորհրդի անդամները հավանություն են տվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին: Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:
Հայեցակարգը ձևակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները և խնդիրները, ինչպես նաև բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման և արդիականացման ուղղությունները: Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով:
Հայեցակարգի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահը հանձնարարել է ԱԱԽ քարտուղարությանը՝ ելնելով ԱԱԽ նիստում հնչեցված առաջարկություններից՝ մեկշաբաթյա ժամկետում լրամշակել հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել հաստատման: