DATAMINE- Ը ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՎ

Հանքարդյունաբերության կառավարման ասպարեզում քաջ հայտնի համակարգչային այս ծրագիրը Հայաստան մուտք գործեց դեռևս 10 տարի առաջ: Այն, որպես բարի կամքի դրսևորում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին նվիրեց գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը: Ստեղծվեց այն ժամանակի համար տեխնիկական արդիական միջոցներով հագեցված մի լսարան, հրավիրվեցին միջազգային բարձրակարգ մասնագետներ, ովքեր մի քանի ամիս համալսարանի դասախոսներին հաղորդեցին այս համակարգի հետ կապված իրենց գիտելիքներն ու փորձը:

Ցավոք, այդ բավականին թանկարժեք, բայց խիստ արդյունավետ ծրագիրը վերջին տարիներին գրեթե անուշադրության է մատնվել մի պարզ պատճառով՝ հայտնվել են ավելի էժան ծրագրեր, որոնք այսօր օգտագործվում են հանքարդյունաբերական համալիրում, որոնք սակայն չունեն այն արդյունավետությունը, ինչ DATAMINE -ն է տալիս:

Համագործակցության վերականգնման ու խորացման նպատակով այսօր Երևան էր ժամանել DATAMINE միջազգային ծրագրերի գծով կոմերցիոն տնօրեն Սանդիպ Ռեյը: Վերջինս  ռուսական «Պոլիմետալ» ընկերության այս գծով մասնագետ Աշոտ Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանի ուղեկցությամբ եղավ ՀԱՊՀ ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի հիշյալ լսարան-լաբորատորիայում, որտեղ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը հանգամանալից պատմեց ծրագրի ներդրման և իրականացման ողջ ընթացքն ու դրա նկատմամբ հետաքրքրության պակասի մասին: Սանդիպ Ռեյը ծանոթացավ ուսուցման համակարգի դրվածքին ու վիճակին, զրուցեց դասախոսների և լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, լսեց դեկան Ալբերտ Ֆրանգուլյանին:

Մի բան առավել քան պարզ էր՝ ծրագիրը խիստ շահեկան ու արդիական է, սակայն լուրջ ներդրումների անհրաժեշտություն կա, քանի որ համալսարանի ունեցածն այլևս չի համապատասխանում ծրագրի օգտագործման ներկայիս պահանջներին: Դա վերաբերում է թե դասախոսների իմացություններին, որոնք արդեն վերապատրաստման կարիք ունեն, թե ուսումնական մեթոդներին, թե տեխնիկական միջոցներին, որոնք իրենց դարն ապրել են: Ծրագրի ներդրման անհրաժեշտությունների և հնարավորությունների մասին խոսակցությունը շարունակվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետ Հարություն Պողոսյանի աշխատասենյակում: Ընթացավ առարկայական լուրջ խոսակցություն, քննվեցին թե ծրագրի ներդրման հնարավորությունները, թե դրանից ակնկալվող իրական օգուտները: Եզրակացությունն ակնհայտ էր. DATAMINE համակարգը խիստ արդյունավետ կդարձնի ոլորտի կառավարման գործընթացը բոլոր օղակներում՝ սկսած ընդերքի երկրաբանական հետախուզումից, վերջացրած  արտադրության ավարտական գործընթացը: Օրվա երկրոդ կեսին DATAMINE կոմերցիոն տնօրենը ՀԱՊՀ-ում լայն լսարանի համար առավել համապարփակ ներկայացրեց ծրագիրն ու նրա ընձեռած հնարավորությունները:

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64