ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ ըստ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նրանց վճարած հարկերի և տուրքերի։
Նրանցից 10 գերխոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 102.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 27.3 մլրդ դրամով կամ 36.2%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։
10 գերխոշոր հարկատուներից 7-ը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացրել են հարկերը, 3-ը՝ նվազեցրել։
Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը ներկայացնող հանրապետության երբեմնի խոշորագույն հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, եռապատկել է հարկերը և 3.09 մլրդ դրամից հասցել 9.7 մլրդ դրամի։ Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է, որը նույնպես հարկերի տպավորիչ աճ է գրանցել։ Այն կրկնապատկել է հարկերը և 8.16 մլրդ դրամով զբաղեցրել 6-րդ տեղը։
Հանրապետության ընթացիկ տարվա խոշոր հարկատուների առաջին տասնյակում է նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը 6 մլրդ դրամով հանգրվանել է 8-րդ տեղում։