ՀԱՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ԽՈՍՔԻ ԵՎ ԳՈՐԾԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

 Անցած ուսումնական տարվա ավարտին, մասնավորապես Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի ուսանողների համար, համագործակցության մի շատ կարևոր հուշագիր ստորագրվեց ՀԱՊՀ-ի (ռեկտոր՝ Ոստանիկ Մարուխյան) «Վալլեքս ընկերությունների խմբի» (նախագահ՝ Վալերի Մեջլումյան) և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության (նախագահ՝ Հայկ Ալոյան) միջև:

Այդ առթիվ մայիսի վերջերին ապագա լեռնային ինժեներներն ու դասախոսները ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ եղան խմբի ընկերություններից մեկում՝ «Բեյզ Մեթելս» ՓԲԸ-ում, ծանոթացան Արցախի Հանրապետության արտադրական այս խոշորագույն կազմակերպության գործունեությանը: Խոսքը գործի վերածելու առաջին քայլն արեց «Բեյզ մեթըլս» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը: Նա առաջարկեց մի շարք մասնագիտությունների գծով ուսանողների արտադրական պրակտիկան անցկացնել հենց այստեղ՝ արցախյան իրենց ձեռնարկության արտադրական գործընթացներում: Եվ ահա, դասընթացների ավարտից հետո Արցախ մեկնեցին ՀԱՊՀ  «Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգեր և դիզայն», «Էներգետիկա և էլեկտրատեխնիկա» ինստիտուտների, «Ընդերքաբանություն և մետալուրգիա», «Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն» ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Հայկական երկրորդ հանրապետության Կաշենի պղնձի հանքավայրի համալիրում այս ամառ 17 ուսանողներ երկու ամիս աշխատեցին ըստ ընտրած մասնագիտությունների:

Արտադրական պրակտիկայի ընթացքում ապագա ճարտարագետները հնարավորություն ունեցան ծանոթանալ Կաշենի լեռնահանքային համալիրի գրեթե բոլոր գործընթացներին, շփվել արտադրական մեծ փորձ ու հեղինակություն ձեռք բերած կոլեկտիվի մարդկանց հետ, ծանոթանալ նրանց աշխատանքային առօրյային, այցելել Արցախի պատմամշակութային հուշարձաններով հարուստ վայրեր` Գանձասար, Շուշի, Ստեփանակերտ, Ամարաս, Դադիվանք և այլն:

Հաճելի է նշել, որ ուսանողների արտադրական պրակտիկան անցավ նպատակային և արդյունավետ, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն պարոն Ա. Մկրտումյանին, փոխտնօրեններ Ս. Իվանյանին, Զ. Ծատրյանին, ինչպես նաև կոլեկտիվի ողջ անձնակազմին՝ իրենց կողմից դրսևորած բարձր պատասխանատվության և ցուցաբերած հյուրընկալ վերաբերմունքի համար: Համոզված ենք, որ այս և նման քայլերը խորապես նպաստելու են մեր երկրի, նրա տնտեսության զարգացմանը:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի

պաշտպանություն» ամբիոնի վարիչ

տ.գ.դ., պրոֆեսոր

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64