ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԱՄՈՒԼՍԱՐ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում լավ ավանդույթ է ձևավորվում՝ այցելել անդամ կազմակերպություններ և տեղում ծանոթանալ գործընկերների ձեռքբերումներին, դժվարություններին ու խնդիրներին: Այդպիսի ծրագիր մտահղացավ Միության խորհրդի օգոստոսի նիստին, որտեղ ի մի էին բերվում ՀՀ կառավարություն ներկայացվող ռոյալթի հարկատեսակի նախագծի վերաբերյալ Միության անդամների տեսակետները:
Գաղտնիք չէ, որ հանքարդյունահանողներից շատերը ոչ միշտ են տիրապետում իրենց գործընկերների մասին օպերատիվ կամ իրական տեղեկատվություններին, որի պատճառով գրեթե բացակայում է ոլորտին վերաբերող գլոբալ խնդիրներին միասնական մոտեցումների ձևավորման հնարավորությունը, ինչու չէ՝ նաև ներքին կոոպերացիան կամ համագործակցությունը: Դա, իհարկե, իր պատճառներն ունի, երբեմն էլ պայմանավորված է միմյանցից բավականին հեռու գտնվելու իրողությամբ:
Եվ ահա Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Հայկ Ալոյանը գործընկերներին հրավիրեց իր ղեկավարած Լիդիան Արմենիան ընկերություն, որտեղ այս օրերին ինտենսիվ շինարարական- նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Սեպտեմբերի վերջին ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներից և մասնագետներից կազմված խումբը եղավ Ամուլսարում, որտեղ հակիրճ ներկայացվեց ծրագրի էությունը, ապա մոտ երեք հազար մետր բարձրությունից դիտարկեց իրականացվող լայնամասշտաբ աշխատանքների ընթացքը, ծանոթացավ դրանց կատարման մասնագիտական ու ժամանակակից տեխնոլոգիաներին ու մեթոդներին:
Այցելությունը խիստ տպավորիչ էր և, անխոս, ուսանելի, քանի որ այն նաև առիթ հանդիսացավ համատեղ քննարկել ոլորտին հուզող բազմապիսի հարցեր, որոնցից մեկն էլ բարձրակարգ մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում առկա խնդիրներն են:
Հաջորդ հանդիպման հասցեն կորոշվի Միության խորհրդի գալիք նիստում: Այցելությունների համար առաջնայնություն կտրվեն այն ձեռնարկություններին, որոնք այս կամ այն հարցում որոշակի խնդիրների առաջ են կանգնում և առկա է դրանց մասին Միության անդամների համատեղ կարծիքը պետական իրավասու կառույցների առջև բարձրացնելու անհրաժեշտությունը: