ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել և լայն քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության օրենքը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:
Ինչպես ոլորտին վերաբորող ցանկացած օրենսդրական փաստաթուղթ կամ նախաձեռնություն այն ևս վերջին օրերին գտնվում էր հանքարդյունահանող ընկերությունների և կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ Օրենքի այս նախագիծը քննարկվեց Միության անդամ (և ոչ միայն) ձեռնարկություններում: Դրանում ներգրավվեցին ոլորտի լավագույն և փորձառու մասնագետները: Ի մի բերելով տարբեր ընկերություններից հնչած առաջարկություններն ու դիտողությունները, Միության խորհուրդը դրանք օրերս ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության ուշադրությանը, որտեղ դրանց հանգամանալից քննարկումն անցավ փոխըմբռնման և կառուցողական բանավեճի մթնոլորտում:,Արդյունքում որոշվեց ի մի բերել հանքարդյունահանողների կողմից հնչած առաջարկությունները, տալ դրանց հստակ ձևակերպումներ և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության փորձագետների հետ համաձայնեցնելուց հետո, ներկայացնել Օրենքի նախագծի հեղինակներին:
Ավելացնենք, որ, ըստ Օրենքի նախագծի հեղինակների, դրա ընդունումը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում առավել արդյունավետ կազմակերպել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, ինչպես ընթացակարգային, այնպես էլ ֆինանսավորման մեխանիզմի տեսանկյունից, վերացնել օրենքի և «Ընդերևքի մասին» ՀՀ օրենսգրքի միջև առկա անհամապատասխանությունները, ինչպես նաև առավել արդյունավետ իրականացնել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Սեփական լրատվություն