Հանքարդյունաբերողները զգալիորեն «բարելավել» են իրենց դիրքերը ՀՀ խոշոր հարկատուների ցանկում

Ինչպես գրում է «168 Ժամ» թերթը, Հայաստանի հանքարդյունաբերական խոշոր ընկերություններն այս տարի զգալիորեն ավելացրել են իրենց կողմից պետբյուջե վճարվող հարկերն ու տուրքերը։

ՊԵԿ-ի հրապարակված 2017 թվականի հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկի առաջին 100-յակում տեղ են գտել 5 հանքարդյունաբերական ընկերություններ, որոնցից 3-ը՝ առաջին տասնյակում։

Հանքարդյունաբերական ընկերությունների շարքում խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Այս ընկերությունը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ՝ 2.5 անգամ ավելացրել է հարկերի ծավալը և 13.14 մլրդ դրամով զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 5-րդ հորիզոնականը (2016-ի սեպտեմբերին Զանգեզուրը 17-րդ տեղում էր)։

Հարկատուների ցանկում 7 տեղով առաջադիմել է նաև «Գեոպրոմայնինգ Գոլդը» և զբաղեցրել 6-րդ տեղը։ Այս ընկերությունը տարվա առաջին ամիսներին վճարել է 10.22 մլրդ դրամի հարկեր, որը 36.6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Թեղուտն այս հինգից միակն է, որը նվազեցրել է հարկերը, սակայն պահպանել է տեղը խոշոր հարկատուների առաջին տասնյակում։ Ընկերությունը վճարել է 9.14 մլրդ դրամի հարկեր և զբաղեցրել 8-րդ տեղը։

Կապանի լեռնահարստացման կոմբինատը 2.6 անգամ է ավելացրել հարկերը և 4.65 մլրդ դրամով զբաղեցրել 17-րդ տեղը (2016 թվականի սեպտեմբերին 30-րդն էր)։

Սակայն անվիճելի «չեմպիոնը» «Լիդիան Արմենիա» ընկերությունն է։ Այն 12.5 անգամ ավելացրել է հարկերը՝ 321 մլն դրամից հասցնելով ավելի քան 4 մլրդ դրամի։ Արդյունքում՝ «Լիդիան Արմենիան» նախորդ տարվա 277-րդ տեղից առաջադիմել է մինչև 19-րդ տեղը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առաջխաղացումը պարզ բացատրություն ունի. ընթացիկ տարում աճել են թե՛ պղնձի համաշխարհային գները, թե՛ Հայաստանից պղնձի արտահանման բնեղեն ծավալները։

Պղնձի 1 տոննայի բորսայական գինն արդեն մոտենում է 7000 դոլարին։ Մոլիբդենի միջին կիսամյակային գինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է տ/տ 27.9%-ով՝ կազմելով 19.6 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ տոննայի դիմաց:

Ըստ ԿԲ կանխատեսումների, կարճաժամկետ հեռանկարում, այլ հավասար պայմաններում, գունավոր մետաղների միջազգային գների վերականգնման միտումը կպահպանվի՝ պայմանավորված զարգացող երկրների պահանջարկի վերականգնմամբ:

Այսինքն, պղնձի խտանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների ցուցանիշները կշարունակեն բարելավվել նաև այս տարվա 4-րդ եռամսյակի ընթացքում։

Ոսկու գինը տարվա ընթացքում նույնպես աճել է, որով էլ բացատրվում է, օրինակ, «Գեոպրոմայնինգ Գոլդի» հարկերի աճը։

Սակայն հարկերի թռիչքային՝ 12 անգամյա աճ գրանցած «Լիդիան Արմենիայի» դեպքում այս բացատրությունները չեն աշխատում։ Ի տարբերություն ցանկում տեղ գտած մյուս հանքարդյունաբերական ընկերությունների՝ «Լիդիան Արմենիան» գործող հանք չէ։ Ընկերությունն այս տարվա սկզբին է սկսել Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները, և ոսկու արդյունահանումը կսկսվի միայն հաջորդ տարվա կեսերին։

«Լիդիան Արմենիայի» վճարած հարկերի մեծ մասը՝ մոտ 2.5 մլրդ դրամը, վճարվել է մաքսային մարմիններին՝ ԱԱՀ-ի և մաքսատուրքի տեսքով։ Սա նշանակում է, որ «Լիդիան Արմենիան» սարքավորումներ և այլ կապիտալ ապրանքներ է ներկրել՝ ներդրումների համար։ Ընդ որում, այս թվերը ցույց են տալիս, որ «Լիդիան Արմենիան» ոչ միշտ է դիմել ԱԱՀ-ի հետաձգման և մաքսատուրքի գծով արտոնություն ստանալու համար (որպես ներդրումային ծրագիր): ԱԱՀ-ի մի մասն էլ գոյացել է տեղական մատակարարներից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներից։

Վճարված ուղղակի հարկերի ծավալը նույնպես փոքր չէ՝ ավելի քան 1.5 մլրդ դրամ։ Դրա մեջ մտնում է ընկերության առայժմ մոտ 200 հիմնական աշխատողների գծով վճարվող եկամտահարկը (հանքի շահագործման ընթացքում մշտական աշխատողների թիվը կկազմի մոտ 700), այնպես էլ՝ այլ հարկեր, օրինակ՝ արտասահմանյան առաջատար մասնագետներին և խորհրդատվական կազմակերպություններին Ամուլսարում արված ինժեներական կամ բնապահպանական աշխատանքների համար կատարված վճարներից գոյացած հարկերը: Մի խոսքով, «Լիդիան Արմենիան» արդեն 4 մլրդ դրամի հարկեր է վճարել՝ դեռ եկամուտ չստացած, ներդրումների և շինարարության փուլում։ Ընդ որում, այդ 4 մլրդ դրամից 2.4 մլրդ դրամը վճարվել է միայն այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում։ Նույն տեմպով շարունակվելու դեպքում տարվա կտրվածքով այս թիվը կկազմի մոտ 6.5 մլրդ դրամ։

Սա հետաքրքիր միտում է՝ հաշվի առնելով, որ քննադատները հաճախ են հիշատակում, որ «Լիդիանը» գրանցված է Անգիական Ջերսի կղզում, որը համարվում է օֆշորային գոտի: Այսինքն՝ անկախ այն բանից, թե որտեղ է գրանցված ընկերությունը, դեռևս շինարարության փուլում այն արդեն առաջատար հարկատու է:

Իսկ ի՞նչ է լինելու հանքի արդյունահանումը սկսելուց հետո։ Ըստ մասնագետների հաշվարկների, «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի ծրագրով լինելու է Հայաստանում առաջին հինգ խոշոր հարկատու ընկերություններից մեկը` գոյացնելով տարեկան միջինը մոտավորապես 50 մլն ԱՄՆ դոլարի հարկեր, և ևս 17 մլն ԱՄՆ դոլարի հարկեր կգոյանան անուղղակի և այլ գործոններով պայմանավորված տնտեսական գործունեությունից:

Կարճ ասած, «Լիդիան Արմենիան» մի քանի ամսից կդառնա ՀՀ պետբյուջեի եկամտային մասն ապահովող հենասյուներից մեկը՝ չհաշված տնտեսական մյուս էֆեկտները։

Եթե պղնձի և ոսկու գներն առաջիկա տարիներին աճի միտում դրսևորեն, ինչպես և կանխատեսվում է, ապա մետաղական հանքարդյունաբերության կշիռն ու նշանակությունը տնտեսության և արտահանման մեջ շարունակելու է աճել, որքան էլ ոմանց համար դա անցանկալի լինի։

Կարդացեք նաև՝ 2018 բյուջեի և ցիանիդի մասին ։

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64