Նոյեմբերի 27-30-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցավ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» խորագրով բնական գիտությունների թանգարանների զարգացմանն ուղղված առաջին միջազգային խորհրդաժողովը» (First International Symposium on the Development of Natural Science Museums under the Belt and Road Initiative), որը ներառում էր նաև թանգարանների գործունեության վերաբերյալ ցուցադրություններ:
Հայաստանի Հանրապետությունից խորհրդաժողովին մասնակցության հրավեր էին ստացել ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանը: Հայաստանի պատվիրակության հետ հանդիպեց և գիտաժողովին մասնակցեց նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Նշենք, որ մեր հանրապետության երկրաբանական ոլորտը ներկայացնող ցուցադրույթն արժանացավ բացառիկ հետաքրքրության և ուշադրության:
Ավելացնենք, որ երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1938 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Առաջին ցուցադրումը կազմակերպվել է հենց հիմնադրի հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների նվիրաբերած ցուցանմուշներով: Հ.Կարապետյանի մահից հետո (1943թ.) թանգարանին 1944 թ. շնորհվեց նրա անունը:
Թանգարանի ունեցած 11000 նմուշներից ցուցադրական ֆոնդը ձևավորում են շուրջ 2700-ը, որոնք բաշխված են 6 բաժիններում՝
- Հնէաբանության - Հրաբխականության
- Հանքաբանության - Օգտակար հանածոների
- Ապարաբանության - Հանքային ջրերի
Նյութը տրամադրել է ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը: