Տեղի ունեցավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության 2018թ. տարեկան հաշվետոու ժողովը:
Կազմակերպության մեկամյա գործունեության մասին հաշվետվությամբ հանդես եկավ Միության տնօրեն Վ. Կիրակոսյանը:
Հայտնի է, որ ընթացիկ տարվա մայիս ամսին Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ընդհանուր ժողովում նախագահ ընտրվեց «Լիդիան Արմենիան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը: Մաքսիմ Հակոբյանը, ով հիմնել և տասը տարի ղեկավարել է կազմակերպությունը. միաձայն ընտրվեց Միության պատվավոր նախագահ:
Ըստ ներկայացված զեկուցման նորընտիր նախագահի ղեկավարությամբ մշակվեց և բոլոր անդամ ընկերություններին տրամադրվեց աշխատանքային նոր հայեցակարգ, որը հիմնվում է ռեալ իրողությունների վրա: Ըստ այդմ յուրաքանչյուր կիսամյակ կամ տարվա ավարտին Միության տնօրինությունը հանդես կգա ինչպես կատարված աշխատանքների, այնպես էլ ֆինանսական գործունեության հաշվետվությամբ:
Նշվեց, որ աշխատանքների ակտիվացման շնորհիվ մեծացել է հետաքրքրությունը կազմակերպության գործունեության հանդեպ՝ Միությունն համալրվել է նոր անդամներով: Մեծացել է նաև համագործակցության շրջանակը ոլորտը համակարգող պետական լիազոր մարմինների հետ: Միությունում ձևավորված մասնագետների աշխատանքային խումբը բավականին լուրջ աշխատանքներ տարավ ռոյալթի հարկատեսակի նախագծի վերաբերյալ անդամ կազմակերպություններից եկող առաջարկությունների պատճառաբանվածությունը հիմնավորելու և կառավարությանը ներկայացնելու ուղղությամբ: Մեծ ջանքեր պահանջվեցին նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքները կանոնակարգող օրենսդրական փաստաթղթերի նախագծերի քննարկման ընթացքում:
Ընթերցվեց ռոյալթիի օրենքի նախագծի վերաբերյալ Միության կողմից արված առաջարկությունների հետագա ընթացքի մասին ՀՀ ներդրումների և տնտեսական զարգացման նախարարության պատասխանը, որում մասնավորապես ասվում է. «Հայտնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել է վերոնշյալ նախագիծը և համապատասխան գրությամբ ներկայացվել ՀՀ կառավարություն»: Նույնը վերաբերում է նաև ՇՄԱԳ օրենքի նախագծին, որը ևս արդեն ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Հաշվետու տարվա ընթացքում Միության ներկայացուցիչները ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքօգտագործման ոլորտի պետական համակարգի բարեփոխումների ծրագրի» մշակման նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի աշխատանքներին: Հասարակական կազմակերպությունն իր ներկայացուցիչներն ունի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, բնապահպանության նախարարներին կից հասարակական խորհուրդներում, Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ գործող տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովում: Դա հնարավորություն է տալիս անմիջապես կապի մեջ լինել երկրի պետական-կառավարման մարմինների հետ, բարձրաձայնել առաջացած խնդիրները և ստանալ օպերատիվ պատասխան:
«Ակնհայտ է, որ վերջին տարվա ընթացքում էականորեն մեծացել է Միության հեղինակությունը և դա շնորհիվ անդամ կազմակերպությունների միասնության», ընդգծեց զեկուցողը:
Հասարակական լայն ճանաչման շնորհիվ Միությունն այսօր որպես հանքարդյունաբերական համալիրի հետ շփվելու հարթակ է ընտրել նաև ՀՀ կառավարությունում ստեղծված Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության մարմինը: Հանրապետություն մուտք գործող միջազգային շատ կազմակերպություններ («Ալմեքս», «Էլիտալիանա», «Հանիվլ» ընկերությունները «Դատամայն» ծրագիրը) այս հարթակն են նախընտրում ոլորտի հետ շփվելու, իրենց արտադրանքն ու ծառայությունները ներկայացնելու համար: Դա նշանակում է նպաստել, օժանդակել, որպեսզի ոլորտի համար բարձրակարգ ծառայությունները և առաջնակարգ տեխնոլոգիաները հասանելի դառնան, նպաստեն հանքարդյունաբերական համալիրի զարգացմանը:
Անցած ժամանակաընթացքում միության ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են տասնյակ հանդիպում-քննարկումներ: Միմյանց հետ ավելի ակտիվ ու անկաշկանդ լինելու համար կազմակերպվել են ճանաչողական այցեր, հյուրասիրություններ:
Առանձնահատուկ հարաբերություններ և փոխգործակցության լավագույն ավանդույթներ են ձևավորվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Գիտակցելով կադրերի պատրաստման գործում պոլիտեխնիկի դերը, համագործակցության լայն ծրագիր է մշակվել, որը հետզհետե կյանքի է կոչվում: Առաջին քայլերն արված են՝ այցելություններ ձեռնարկություններ, հանդիպումներ ու քննարկումներ մասնավորապես խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ: Ոլորտի երկու ընկերությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի հետ կնքվել են եռակողմ համագործակցության հուշագրեր: Երիտասարդ լավագույն մասնագետների ուժերով հիմնվել է «Կայուն զարգացման խումբ», որի հետ Միությունում լուրջ հույսեր ենք կապում:
«Առաջիկայում մեզ ավելի խտացված աշխատանքային գրաֆիկ է սպասվում, զեկուցման ավարտին նշեց Միության տնօրենը, և ավելացրեց,-դրանցից կարևորն այն է, որ վերոնշյալ օրենքների նախագծերը դեռևս գտնվում են ՀՀ կառավարությունում և թե վերջնական ինչ տեսքով դրանք կներկայացվեն ՀՀ ազգային ժողով, շատ բանով կախված կլինի նաև մեր ակտիվ գործունեությունից:
Զեկուցողը հանգամանորեն անդրադարձավ նաև Միության ֆինանսատնտեսական գործունեությանը, նշեց այն ուղղությունները, որոնցով իրականացվել են տնօրինության կատարած ծախսեր:
Այնուհետև ծավալված քննարկումներին մասնակցեցին բոլոր ներկաները: Եղան ելույթներ, հնչեցին կոնկրետ առաջարկություններ Միության հետագա գործունեության արդյունավետության, նրա հեղինակության և մասսայականության բարձրացման ուղղութթյամբ: Ժողովը բավարար գնահատեց հաշվետվու ժամանակուն Միության խորհրդի և տնօրինության գործունեությունը, միաժամանակ նշելով այն կոնկրետ ուղղությունները, որոնց վրա գալիք տարում անհրաժեշտ է սևեռել ողջ ուշադրությունը:
Ժողովի աշխատանքներն ամփոփեց Միության նախագահ Հայկ Ալոյանը, ով իր խոսքի ավարտին ջերմ բարեմաղթանքներով շնորհավորեց հանքարդյունաբերական համալիրի բոլոր աշխատողների գալիք Ամանորը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Սեփական լրատվություն