Օրերս ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի
Հ.Տ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ակտիվ մասնակցությամբ, նշվեց Երկրաբանի մասնագիտական օրը:
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:
«Մեկ ուղի, մեկ ճանապարհ /BRISMIS/ խորագրով բնագիտական թանգարանների զարգացման Չինաստանի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցած առաջին միջազգային գիտաժողովի արդյունքների ամփոփում» թեմայով զեկույցով հանդես եկավ երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:
Ներկաների բուռն հետաքրքրությունն առաջացրեց և քննարկումների առիթ դարձավ հատկապես երկրաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Խոմիզուրիի «Երկրաբանական միտքը հին և միջնադարյան Չինաստանում» զեկույցը, որում խոսվեց նաև հայ-չինական պատմական աղերսների և հետաքրքրություն ներկայացնող այլ իրադարձությունների մասին:
Վերջում միջոցառման մասնակիցները շրջեցին թանգարանում, ծանոթացան Երկրաբանի օրվա խորհուրդը կրող՝ «Քարերի զարմանահրաշ աշխարհը» ցուցադրությանը:
Սեփական լրատվություն