Ոլորտը հանրապետական զլմ-ներում

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

- Պարոն Պոլոսկով, օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սպասվող ստուգումների վերաբերյալ։ Գրառումը սկսվում է «Ալբանական օրացույցով 37 թիվն էր, հիշում եմ՝ մտանք Քաջարան․․․» խոսքերով։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ա Գրիգորյանի նշված գրառմանը և ըստ Ձեզ՝ ի՞նչ էր ակնարկում նա այս խոսքերով։

-Գիտեք, պետական պաշտոնյայի՝ իր երկրի թիվ մեկ հարկատուի, բազմահազարանոց կոլեկտիվ ունեցող ձեռնարկության հանդեպ նման անլուրջ վերաբերմունքը առաջին հերթին առաջացնում է տարակուսանք։ Մեզ համար անկեղծ զարմանալի է, որ պարոն Գրիգորյանը զուգահեռներ է անցկացնում իր գլխավորած տեսչական մարմնի ապագա ստուգումների և 37 թվականի միջև։ 37 թվականը պատմության մեջ հայտնի է ստալինյան մասսայական ռեպրեսիաներով և հետապնդումներով։ Արդյոք դա՞ է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դիմաց դրված նպատակը։ Դա՞ է իրենց աշխատաոճը։ Պարոն Գրիգորյանը առաջին անգամ չէ, որ նման տոնով է խոսում մեր ընկերության մասին։ Իր նախորդ գրառումները, թե․ «Հեղափոխությունը շարունակվում է. շուտով մտնելու ենք Քաջարան» էլ ավելի համոզիչ տպավորություն են ստեղծում, որ տեսչական մարմինը պատրաստվում է ոչ թե ստուգմներ, այլ լայնամասշտաբ հարձակմում գործել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա։ Սա, ինչ խոսք, խիստ մտահոգիչ է։

- Արթուր Գրիգորյանը նաև կոչ է արել տեղական ակտիվ երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվին ու առհասարակ Սյունիքում հանքարդյունաբերական հարցերով հետաքրքրված բոլորին աջակցել նրան սպասվող ստուգումներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը։

-Այն պարագայում, երբ խոսքը գնում է մոտ 65 տարվա պատմություն ունեցող ձեռնարկությունում ստուգումներ իրականացնելու և ստուգման նպատակներին առնչվող որոշակի տեղեկատվություն ստանալու մասին, «ակտիվ երիտասարդությանը» դիմելը նույնպես տարակուսանքի տեղիք է տալիս։ Միգուցե ավելի տրամաբանական կլիներ կոչն ուղղել հենց ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ականատեսն են ձեռնարկության պատմությանը, տեղյակ են անցյալի ու ներկայի զարգացումներին: Այս հանգամանքը առիթ է տալիս ենթադրել, որ տեսչական մարմնի ղեկավարին հետաքրքիր չեն օբյեկտիվ փաստերը, իրականացված բարեփոխումներն ու կատարված ներդրումները: Այսինքն՝ Ա. Գրիգորյանն ըստ երևույթի հետաքրքրված չէ օբյեկտիվ տեղեկատվություն կրողների աջակցություն մեջ, նրան պետք է հոծ բազմություն, ցանկալի է՝ ֆիզիկապես ուժեղ: Ըստ իս, այստեղ առկա է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք, քանի որ խոսքը գնում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկության հանդեպ ոտնձգության մասին՝ «ակտիվ երիտասարդության» ներգրավմամբ։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ օրն ի բուն աշխատող և բարիք ստեղծող բազմահազարանոց կոլեկտիվը կարող է չհանդուրժել նման վերաբերմունքը. դա կարող է հանգեցնել ընկերության գործունեության խաթարմանը, աշխատակիցների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը և անկանխատեսելի զարգացումներ ունենալ:

- Ստացվում է, որ ըստ Ձեզ, Ա Գրիգորյանի նշված հայտարարությունները բուն ստուգումների հետ որևէ առնչություն չունե՞ն

-ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի վերջին, ինչպես նաև բազմաթիվ նախորդ գրառումենրը կրում են խիստ մանիպուլատիվ բնույթ։ «Ազգայնացում», «օֆշորային մեխանիզմների առկայություն», «թաքցված եկամուտներ» և այլն, ահա պարզապես մի քանի մեջբերում Ա․ Գրիգորյանի՝ կոմբինատի մասին կատարած նախկին գրառումներից: Ինչպես նկատում ենք՝ ոչ մի խոսք ընդերքօգտագործման և բնապահպանության մասին: Ակնհայտ է, որ հիշատակված ակնարկները ոչ միայն բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, այլև որևէ առնչություն չունեն և չեն կարող ունենալ նախատեսվող ստուգումների հետ, բացարձակապես դուրս են տեսչական մարմնի իրավասությունների շրջանակից և խոսում են տեսչական մարմնի ղեկավարի գիտակցության մեջ նստած գաղափարների և նկրտումների մասին։ Մենք ունենք լուրջ մտավախություն, որ տեսչական մարմնի ղեկավարը չի պատկերացնում իր ղեկավարած կառույցի նպատակների և խնդիրների լրջությունը, զուրկ է պետության առջև ստանձնած պարտավորությունների և իր գործողությունների հետևանքների գիտակցումից, իսկ պաշտոնական լիազորություններն օգտագործում է նախկինում ունեցած իր անձնական կամ խմբային ամբիցիաների բավարարման նպատակով: Մենք հստակ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը պետության, կառավարության և մեր բազմահազարանոց կոլեկտիվի առջև, պատկերացնում ենք են նաև արհեստականորեն հրահրված զարգացումների հետևանքները՝ երկրի տնտեսության, բնակչության և մարզի համար, որոնք կարող են խիստ անբարենպաստ լինել, անգամ՝ կործանարար:

- Ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել Զանգեզուրի պղնձամոլիբդդենային կոմբիանտը ստեղծված իրավիճակում։

-Ցանկանում եմ շատ հստակ նշել, որ մենք ոչ մի պարագայում չենք գնալու սադրանքի և մեզ պարտադրվող հակազդեցության ճանապարհով: Շարունակելու ենք գործել օրենքի շրջանակներում և մեզ համար ընդունելի կլինի մեր գործունեության հետ կապված ցանկացած եզրակացություն և որոշում, որը կբխի ՀՀ օրենսդրության պահանջներից՝ ասել է թե Հայաստանի և նրա տնտեսության շահերից:

«Հրապարակ.ամ» (hraparak.am) , 10 սեպտեմբեր 2018

 

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64