Սիրելի հանքագործներ և մետալուրգներ
Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի` Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, ցանկանում ենք քաջ առողջություն և մեծամեծ հաջողություններ աշխատանքում ու անձնական կյանքում:
Հարգելի գործընկերներ, մեծ է ձեր դերը երկրի համար տնտեսական կարևորագույն գործոն հանդիսացող այս ոլորտի համաչափ գործունեությունն ապահովելու մեջ, և առանց դույզն ինչ գերագնահատելու, պետք է ասենք, որ դուք պատվով եք կատարում ձեր առաքելությունը:
Ճիշտ է վերջին շրջանում, կապված համաշխարհային շուկայում մետաղների գների անկանխատեսելի անկման հետ, խիստ դժվարացել է տնտեսության գերակա այս ճյուղի համաչափ գործունեությունը, սակայն վստահ ենք, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում և շատ շուտով ոլորտը նորից դուրս կգա առաջատարի իր դիրքերը, և դրանում, ինչ խոսք, նորից կարևոր դերակատարում է ունենալու ձեր նվիրված ու բարեխիղճ աշխատանքը, խոչընդոտներ ու դժվարություններ հաղթահարելու ձեր կամքն ու եռանդը:
Կրկին անգամ ջերմորեն շնորհավորում ենք ոլորտի բոլոր աշխատակիցներին, վետերաններին մասնագիտական տոնի առթիվ:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության խորհուրդ
Ոլորտը նշում է մասնագիտական տոնը
Ամեն տարվա նման այս օրերին ոլորտի շատ ձեռնարկություններում նշվում է հանքագործի և մետալուրգի օրը:
Այն առանձնակի շուքով անցավ հատկապես “ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ” ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանում: Ավելի ստույգ` այդ օրը բոլոր արարատցիներն էին նշում ոլորտի մարդկանց տոնը, ասես դա հենց քաղաքի տոնը լիներ: Եվ պատահական չէր, որ կազմակերպված միջոցառումների կիզակետում հենց Արարատի քաղաքապետարանն էր:
Տոնական միջոցառումներն սկսվեցին հենց քաղաքապետ Հայկ Հայկյանի աշխատասենյակում հյուրերի ընդունումով, որից հետո քաղաքային ամֆիթատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, ուր հնչեցին քաղաքապետարանի, “ԳեոՊրոՄայնինգ Գոլդ” ընկերության ղեկավարության շնորհավորանքները ոլորտի աշխատակիցներին ու վետերաններին: Այնուհետև ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ արժանացան պատվոգրերի և խրախուսանքների:
Ձեռնարկության կոլեկտիվին Հայաստանի հանքագործների և մետալուրգների խորհրդի անունից շնորհավորեց նաև Միության տնօրեն Վ. Կիրակոսյանը: Նա նաև Միության հուշամեդալը հանձնեց Արարատի ոսկու կորզման գործարանի ավագ վարպետ Հրայր Հարությունյանին:
Ավելացնենք, որ մասնագիտական տոնին հրավիված հյուրերի թվում էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինը:
Հանդիսավոր արարողությունից հետո տրվեց ուրախ համերգ, իսկ օրն ավարտվեց տոնական հրավառությամբ: