ԱՆԴՐԱԴԱՐՁԵՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն

Ճի՞շտ է արդյոք, որ Լիդիան Արմենիա ընկերությունը նախատեսում է կրճատել 1500 աշխատակցի:

Ավելի վաղ Ընկերությունն արդեն հայտարարել էր, որ հունիսից չի կարող պահել իր աշխատակազմին, եթե հնարավոր չլինի մուտք գործել հանքի տարածք և շարունակել շինարարական աշխատանքները: Մեր բաժնետերերը ներդրումներ են կատարել՝ Հայաստանում ոլորտի լավագույն չափանիշներով ժամանակակից հանքի շինարարության և շահագործման ֆինանսավորման նպատակով: Բաժնետերերի ներդրումները հնարավորություն էին տալիս նաև ապահովել Լիդիանի և կապալառու ընկերությունների 1400-ից ավելի աշխատատեղեր: Դեպի հանք տանող ճանապարհների անօրինական փակումը խոչընդոտում է Ընկերության բնականոն աշխատանքները։ Ցավոք սա արդեն հանգեցրել է Լիդիանի մոտ 300 և կապալառու ընկերություների ավելի քան 1000 աշխատակիցների գործազրկությանը վերջին երեք ամսում: Այս շաբաթ Լիդիանի ևս 100 աշխատակիցներ ստացել են աշխատանքից ազատման երկամսյա ծանուցում: Իրավիճակը շտկելու ուղղությամբ անհապաղ գործողությունների բացակայության դեպքում այս մարդիկ նույնպես կազատվեն աշխատանքից: Ճանապարհների ապօրինի շրջափակումը հանգեցրել են սոցիալ-տնտեսական ծանր հետևանքների տարածաշրջանում: Ամուլսարի ծրագրի շուրջ իրավիճակն արդեն իսկ բացասական ազդեցություն ունի ներդրումների վրա:

Համաձա՞յն եք արդյոք Ձեր դեմ առաջադրված մեղադրանքների հետ, ըստ որի Ընկերությունը 18 միլիոն դրամի վնաս է հասցրել: Ի՞նչ եք պատրաստվում անել այդ կապակցությամբ:

Ինչպես գիտեք, Բնապահպանության նախարարությունն արդեն հերքել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացրած նոր էկոլոգիական գործոնների վերաբերյալ հայտարարությունները, որոնց հիման վրա Տեսչական մարմինը հանձնարարել էր դադարեցնել մեր գործունեությունը: Ամուլսար իրենց երկրորդ այցից հետո, մասնագետները եկել են այն եզրակացության, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված թիթեռը չի բնադրվում և բազմանում Ամուլսարի տարածքում, իսկ իրենց հայտնաբերած բույսը Կարմիր գրքում գրանցված չէ: Եվ նախարարությունը հետևաբար չի ընդունել այս հայտարարությունները որպես ՇՄԱԳ-ը վերանայելու հիմք: Մեր իրավաբաններն այժմ զբաղվում են ենթադրյալ այլ վնասների վերաբերյալ մեղադրանքների հարցով, որոնք, ի դեպ, հիմք չեն հանդիսանում լիցենզիան հարցականի տակ դնելու համար: Սակայն, կցանկանայի նշել, որ Տեսչական մարմինը բավականին ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու կերպով է վարվել հրապարակելով ենթադրություններ, որոնք կեղծ են:   

 

Հուլիսի սկզբին Ջերմուկ կատարած իր այցի ժամանակ պարոն Փաշինյանն առաջարկել էր ստեղծել եռակողմ մեխանիզմ բնապահպան ակտիվիստների,

կառավարության և ընկերության մասնակցությամբ՝ տվյալ իրավիճակին լուծում գտնելու նպատակով:  Որևէ առաջընթաց գրանցվե՞լ է այդ հարցում, թե վարչապետի առաջարկությունը գործնական ընթացք այդպես էլ չի ստացել:

 

Պետական աուդիտից բացի կազմվել է աշխատանքային խումբ, որ հիմնականում կազմված է ակտիվիստներից և շատ քիչ մասնագետներից: Ընկերությունը ներգրավված չի եղել այս գործընթացում, բացի մի քանի հանդիպումներից: Մենք ստացել ենք խմբի անդամների առանձին եզրակացությունները: Հաշվետվություններից մի քանիսը կազմվել են հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից և պարունակում են ողջամիտ մեկնաբանություններ, որոնց մենք անդրադարձել ենք: Մինչդեռ մյուս եզրակացությունները կազմվել են ակտիվիստների կողմից և դժբախտաբար չեն պարունակում ոչ փաստեր, ոչ գիտական հիմնավորումներ, ոչ էլ հիմքեր, ինչպես և նրանց հարցազրույցների և ելույթների մեծ մասը: Հասկանալի է, որ կան մարդիկ, որոնք  արդյունաբերության այս ճյուղի հանդեպ ունեն ծայրահեղ բացասական մոտեցում: Սակայն, եթե մենք չսկսենք ոլորտի մասին խոսել գիտական փաստարկներով, հանքարդյունաբերության վերաբերյալ ընկալումները կմնան այս մարդկանց կողմից առաջ մղվող էմոցիոնալ հարթության վրա և հանքարդյունաբերության ոլորտը ոչ մի խթան չի ունենա համապատասխանեցնելու աշխատանքի որակը միջազգային լավագույն չափանիշերին:

 

Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության դիրքորոշումը «Լիդիան Արմենիա» ընկերության 

շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ընկերությունը բազմիցս դիմել է վարչապետին հարցին լուծում տալու խնդրանքով:

 

Կարծում եմ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը չի նպաստում Հայաստանը որպես ներդրումների համար օրենքի գերակայության և կայուն երկիր ներկայացնելուն: Արդեն չորս ամիս է, ինչ դեպի երկրի խոշորագույն ներդրումային ծրագրի տարածք տանող ճանապարհներն անօրինական կերպով փակ են պահվում կասկածելի նպատակներով և անհայտ ֆինանսավորմամբ մի խումբ մարդկանց կողմից: Համայնքներում իրավիճակը շատ լարված է: Մինչդեռ, իրավապահ մարմինները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում օրինականությունը վերականգնելու և այս ամենի ետևում կանգնած քրեածին տարրերի բացահայտման նպատակով: Սա ոչ մի դեպքում չի կարող գնահատվել որպես նորմալ և ընդունելի իրավիճակ, որը, կարծում եմ, ուղղակիորեն հարվածում է երկրին: 

Օգոստոսի 13-ին, փոխվարչապետը Լիդիանի աշխատակիցներին խոստացել էր հարցի վերաբերյալ պատասխան հնչեցնել 15 օրվա ընթացքում: Դուք որեւէ պատասխան ստացել ե՞ք, ի՞նչ է ասվում դրանում:

 

Ճանապարհները դեռևս փակ են պահվում 10-12 անձանց կողմից: Տեղյակ եմ, որ համայնքների բնակիչները նորից են հանդիպել փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Գիտեմ նաև, որ երեկ համայնքների 100-ից ավելի բնակիչներ գնացել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու մարզպետարանում: Բայց որևէ հստակ պատասխան համայնքի բնակինչները դեռեւս չեն ստացել: 

 

Պատրաստվու՞մ եք արդյոք բողոք ներկայացնել ցուցարարների դեմ և բախումների ժամանակ ոստիկանության անգործության վերաբերյալ: Օգոստասի 

27-ի բախումների ժամանակ ոստիկանությունը ոչինչ չի՞ ձեռնարկել:

 

Այո, մեր իրավաբաններն արդեն բողոք են ներկայացրել: Հույս ունենք, որ կտեսնենք օրենքի գերակայությունը գործնականում:

 

Որքա՞ն եք գնահատում Ընկերությանը հասցված վնասը բնապահպանների բողոքների մեկնարկից ի վեր

 

Ես չեմ կարող ձեզ կոնկրետ թվեր տրամադրել, քանի որ, իրավաբանները պետք է հաշվարկեն վնասը, սակայն պատկերացրեք, որ խոսքը ահռելի վնասների մասին է: Ընկերությունը մտադիր է այս վնասների պատասխանատվության հարցը բարձրացնել:


Լիդիան Արմենիան կարո՞ղ է լքել Հայաստանը՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը:

 

Լիդիանը օրինական իրավունք ունի աշխատելու: Մեր բոլոր թույլտվություններն օրինական են, իրավաչափ և համապատասխանում են ազգային և միջազգային օրենսդրությանը: Ես վստահ եմ, որ Լիդիանը բնապահպանական կառավարման լավագույն օրինակն է: Թե՛ իրավական, թե՛ բնապահպանական տեսանկյունից ընկերությունը և ծրագիրը համապատասխանում են հայաստանյան ու նաև միջազգային օրենսդրությանը: Ինչպես հասկանում եք,  մենք պարտավորություններ ունենք մեր բաժնետերերի հանդեպ: Չգիտեմ ինչ նկատի ունեք ասելով «լքել Հայաստանը»,  բայց եթե Ընկերությունը շարունակի զրկված լինել աշխատանքներն իրականացնելու օրինական հնարավորությունից, դա, անշուշտ կունենա լուրջ իրավական հետևանքներ:  Մենք, որպես Լիդիանի աշխատակիցներ ու երկրին նվիրված քաղաքացիներ, չենք ցանկանա դրա ականատեսը լինել: Մենք ցանկանում ենք կառուցել ժամանակակից, պատասխանատու և լավ կառավարվող հանք: Բայց եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի բոլոր հնարավորությունները իր իրավունքները պաշտպանելու համար: 

Աղբյուրը՝ News.am, («Նյուզ.ամ») 20.10.2018թ.

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64