Օրերս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած գիտաժողովը նվիրված էր համալսարանի հիմնադրման 85-ամյակին:
Կազմակերպիչները, ոչ պատահականորեն, ընտրել էին մեր օրերում հրատապ դարձած «Հանքարդյունաբերության արդիական հիմնախնդիրները» թեման և ոլորտում գիտամանկավարժական ու պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող բանախոսների միջոցով փորձում էին տալ հուզող շատ խնդրնների պատասխանները:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Այնուհետեւ գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը: Նա համալսարանի հիմնադրման 85-ամյակի առիթով շնորհավորեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին:
Ընդմիջմանը միջոցառման մասնակիցները ծանոթացան մասնաճյուղի առօրյային, եղան լաբորատորիաներում, ծանոթացան կրթօջախի տեխնիկական հագեցվածությանն ու նյութատեխնիկական ժամանակակից բազային, որոնց շնորհիվ այսօր հնարավոր է դարձել ուսումնական գործընթացները կազմակերպել արդիական մեթոդներով:
Գիտաժողովում զեկուցումներով ու ելույթներով հանդես եկան տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Արեգ Գրիգորյանը, Արմեն Հովհաննիսյանը, Սուրեն Աղբալյանը, Սեյրան Բալասանյանը, Լեռնիկ Պետրոսյանը և ուրիշներ:
Հաշվի առնելով գիտաժողովում հնչեցված հիմնախնդիրներն ու բազմաթիվ թեմաներով լուրջ ուսումնասիրությունների արդյունքների օգտակարությունը, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրինությունը գիտաժողովի կազմակերպիչներին առաջարկեց հանքարդյունաբերական համալիրի հանրույթի ուշադրությանը ներկայացնելու համար հնչած զեկույցները առաջիկայում տեղադրել Միության կայքում, իսկ առավել հրատապ խնդիրների անդրադարձած նյութերը տրամադրել ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին:
Գիտաժողովին հրավիված էր և ելույթ ունեցավ Միության տնօրեն Վ. Կիրակոսյանը: