Մաքսիմ Հակոբյանը ծնվել է 1949 թ-ին Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում:
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը՝ ստացել լեռնային ինժեների որակավորում: 1972թ-ին ընդունվելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և աշխատելով ավելի քան 4 տասնամյակ, մասնագիտական գիտելիքների և գործի մեջ խորամուխ լինելու իր սկզբունքայնութամբ` բանվորից հասել է մինչև հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկի գլխավոր տնօրենի պաշտոնին, կազմակերպչական լավագույն հատկությունների շնորհիվ կարողանալով կոլեկտիվին հասցնել արտադրական ամենաբարձր նվաճումների:
Բազմամյա նվիրված աշխատանքի, մանագիտական և մարդկային գեղեցիկ հատկանիշների համար Մաքսիմ Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, արժանացել Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևի՝ «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» շքանշանի, դարձել «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական ֆոնդի պատվավոր անդամ: 2005 թ-ին Համաշխարհային քաղաքականության Ռուսական Ակադեմիան նրան շնորհել է դոկտորական աստիճան: Նա արժանացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոկտորի կոչման, Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների, Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի էր:
Նա Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր, այնուհետև պատվավոր նախագահն էր, մանագիտական գործունեությանը զուգահեռ ակտիվորեն ներգրավված էր ոլորտի հասարակական կյանքում, իր փորձով ու իմացություններով, ինչպես նաև անձնական հեղինակությամբ օժանդակել է հանքարդյունաբերությանը վերաբերող օրենքների նախագծերի նախապատրաստմանն ու բարելավմանը:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, ոլորտի հանրությունը խորապես ցավակցում են նրա ընտանիքին և հարազատներին:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության խորհուրդ