Այսօր հանքարդյունաբերության ոլորտի շուրջ տիրում է մի իրավիճակ, երբ, նոր իրողություններով պայմանավորված, անգամ սոցցանցերում հնչող ինչ-որ անհեթեթություն կարող է որևէ ընկերության համար դառնալ ճակատագրական, երբ մի քանի ակտիվիստ կարող են ի չիք դարձնել ամենահավակնոտ ու երկրի համար կարևոր ծրագիր, երբ երկրաբանի ու լեռնային ինժեների մասին կարող են արտահայտվել որպես բնությունն անտեղի ավերող-թալանողների, ժողովրդի գենոֆոնդը վտանգողների՝ դրանից բխող ամենաանհավանական հետևանքներով: Կասկած չկա, որ դրա պատճառներից ամենակարևորն այն է, որ չնայած բավականին կայացած հանքարդյունաբերությանը, չկա դրա գործունեությունը կարգավորող-կանոնակարգող ռազմավարություն, որը կարող էր հետագայում ծագող շատ խնդիրներ կանխատեսել ու բացառել մինչև որևէ նախագիծ իրագործման իրավունք կստանար:
Ելնելով սույնից և նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունում ընթանում է ոլորտի ռազմավարության նախապատրաստման գործընթացը, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ՀԱՊՀ-ի Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի հետ համատեղ անցկացնում են «Հայաստանի Հանրապետությունում ընդերքի օգտագործման արդի խնդիրները թեմայով» գիտագործնական սեմինար-քննարկումների շարք, որի նպատակն է լսել և քննարկել ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են նրա զարգացմանն ու առաջընթացին, ընդհանուր կարծիք ձևավորելու արդյունքում կազմել առաջարկությունների փաթեթ և տրամադրել ոլորտի ռազմավարության գործընթացը կանոնակարգող ՀՀ կառավարությունում գործող աշխատանքային խմբին, որպես մասնագետների և հանքարդյունահանողների կողմից առաջարկվող ելակետային դրույթներ:
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 19-ին ՀԱՊՀ-ի Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ քննարկումների այս շարքի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ՀՀ կառավարության, պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներ ու պատասխանատուներ, ոլորտի հետ առնչվող գիտակրթական հիմնարկների, հանքօգտագործող ընկերությունների բարձրակարգ մասնագետներ:
Միջոցառումը վարող ՀԱՊՀ «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց քննարկվելիք հարցերի շրջանակը, որոնց հանգամանալից քննարկումն ու համատեղ լուծման ուղիների որոնումը առանցքային նշանակություն կարող է ունենալ ոլորտի համաչափ և կայուն զարգացման համար:
Կազմակերպիչները մասնավորապես առանձնացրել էին
- հանրապետության հանքահումքային բազայի վերարտադրությանն ուղղված գործընթացի (պլանաչափ և շարունակական տարածաշրջանային երկրաբանական հետազոտությունների, որոնումների և որոնողագնահատման աշխատանքներ) բացակայության և դրա հետևանքներին,
- օգտակար հանածոների արդյունահանման ծավալների և շուկայական պահանջարկի միջև դիսբալանսի (անհավասարակշռություն) առկայության (հատկապես ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման դադարեցման առումով),
- ընդերքի ռեսուրսային և տնտեսական ներուժի օգտագործման ցածր արդյունավետության, ընդերքտրամադրման գործընթացի անկատարության,
- ընդերքօգտագործան ոլորտում ներկայում գործող հարկման համակարգի բարելավման վերաբերյալ հիմնահարցերը:
Քննարկումներին ակտիվ մասնակցությունն ու ծավալված սկզբունքային բանավեճերը վկայում էին, որ մասնագետները ամենայն լրջությամբ են տրամադրված այս ոլորտի ռազմավարությունում իրենց տեսակետներն ու առաջարկությունները հիմնավոր ներկայացնելու խնդրին:
Արդյունքում հաստատվեց գալիք քննարկումների օրակարգը և քննարկվող խնդիրների հերթականությունն ու ժամանակացույցը:
Ավելացնենք, որ առաջիկա քննարկումները հանգամանալից կլուսաբանվեն մեր կայքում: